ՆորություններՔո ձայնը

«Անկախ նրանից՝ դո՞ւր է գալիս մեզ առաջարկած դասակարգումը, դրանով են պայմանավորված լինելու շատ որոշումներ». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետը այսօրվա իր լայվում բավականին ընդգրկուն քարտեզ ներկայացրեց հեղափոխության երկու տարվա արդյունքներից հիասթափված հասարակության շերտերի մասին:

Անկախ նրանից՝ դուր է գալիս մեզ, թե ոչ առաջարկած դասակարգումը, մենք մոտակա ժամանակ այդ իրողության հետ ենք գործ ունենալու, և դրանով են պայմանավորված լինելու շատ որոշումները: Տեսանկյունի հարց է, իհարկե, բայց, կարծում եմ, վարչապետը հստակ տարբերակում չի դնում ինքն իր համար (ելնում եմ Փաշինյանի լիովին անկեղծ լինելու կանխավարկածից), մի կողմից, հեղափոխության փաստից, մյուս կողմից, հեղափոխությունից ակնկալվող, բայց չստացված անձնական/խմբային օգուտներից և, երրորդ կողմից, հեղափոխության չիրականացված նվաճումներից հիասթափությունների միջև: Բացի դրանից, առաջարկած դասակարգումից, համոզված եմ, պետք է հանել «արևմտամետներին» և «ռուսամետներին», քանի որ նրանք այս կամ այն կերպ տեղավորվում են նշված որևէ այլ կատեգորիայում:

Հիասթափվածների իմ թվարկած «երեք շարասյուների» տարբերակումը չդնելը որոշակի դժվարություններ է առաջացնելու իշխանություն֊հանրություն հարաբերությունները կառուցելու առումով, բայց, կրկնվեն, սա է իրողությունը: Հետևաբար, դա ենթադրում է նաև «երրորդ շարասյան», որին ինձ էլ եմ դասում, հետագա կողմնորոշման ճշգրտում: Ի տարբերություն մյուս երկու «շարասյուների», այն կարող է կառուցողական ներդրում ունենալ հետագա գործընթացներում, թեև առանձին իրավիճակներում ավելի անցանկալի է դառնալու իշխանության համար, քան ակնհայտ քաղաքական հակառակորդները: Այն բարձր նշաձողերը, որ սահմանել էին երկրում բարեփոխումների համար, պայմանականորեն ասած, «ռոմանտիկները» /«իդեալիստները», մեծամասամբ անհասանելի են մնալու, և դրանից պետք է հնարավորինս քիչ նյարդայնանալ, փիլիսոփայորեն ընդունել բաց թողնված հնարավորությունները:

Դա, բնականաբար, նվազեցնելու է «երրորդ շարասյան» ՕԳԳ֊ն, բայց վերջինը էլ ավելի կնվազի, եթե «ռոմանտիկները» ինքնամեկուսացվեն ոչ միայն համավարակի պայմաններում, այլ հանրային կյանքից ընդհանրապես: Ասածս չի նշանակում հրաժարում իդեալներից կամ բարձր նշաձողեր դնելու փորձերից: Ուղղակի, գիտակցենք, որ, ցավոք, դրանք հետաձգվում են անորոշ ժամանակով»:

Back to top button
Close