Նորություններ

Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին

Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ հղեց ժողովրդին։

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։

Հատկանշական է, որ վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը։ Վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, ով Factor.am-ին փոխանցեց, որ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են, և հանրությանը տեղեկություն կներկայացվի։

Տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից։ Նա չհերքեց մեր տեղեկությունը, որ տեսանյութը նկարահանել է Առաջին ալիքը։ Հարցրինք՝ արդյո՞ք պարզել են, թե ինչպես է Առաջին ալիքից վարչապետի մասնակցությամբ տեսանյութի արտահոսք տեղի ունեցել, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեռ չենք պարզել։ Երբ պարզենք, հրապարակավ կտեղեկացնենք: Եվ կխնդրեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր գրեք, վաղն առավոտյան աշխատանքային օր է, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»։

Առաջին ալիքի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանն էլ, ի պատասխան մեր նույն հարցի, ասաց. «Ես կարող եմ մեկնաբանություն տալ միայն քաղաքական, լրատվական ծրագրերի համար։ Լրատվական ծառայությունն այդպիսի տեսանյութ չի նկարահանել։ Առանց մեկնաբանության»։

Ռոբերտ Անանյան

 factor.am

Back to top button