Նորություններ

«Պետք է հասկանալ, որ Հայաստանը, ցավոք սրտի, այդքան մեծ ռեսուրսներ չունի»

«Մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելը արդարացված է այն առումով, քանի որ դեռ կորոնավիրուսը չի հաղթահարվել Հայաստանում։ Ամեն օր հաստատվում են վարակման նոր դեպքեր, և այս իրավիճակում արտակարգ ռեժիմը հանելը կարող էր մինչ օրս արված բոլոր ջանքերը ջուրը լցնել։ Այս իմաստով տրամաբանական է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելը, նորմալ հունով է ընթանում ընդդեմ կորոնավիրուսի պայքարը»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը։

Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակը տնտեսական, սոցիալական խնդիրներ է առաջացրել, և կառավարության ծրագրերը բավարա՞ր են և կարո՞ղ են ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրները գոնե մասամբ մեղմել, քաղաքագետն արձագանքեց. «Կարծում եմ կառավարության կողմից իրականացված սոցիալական և տնտեսական ծրագրերը բավականին հաջող են, փաթեթներ են գործարկվում։ Ծրագրերից, ըստ էության, հանրության բոլոր շերտերից կօգտվեն»։

Վարդանյանի խոսքերով՝ մարդիկ կառավարությունից պահանջում են ավելի շատ աջակցություն, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանը, ցավոք սրտի, այդքան մեծ ռեսուրսներ չունի։

Հարցին, թե կառավարության կողմից բավարար քայլեր արվե՞լ են կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իրավիճակը վերահսկելի է, իհարկե, որոշակի թերացումներ եղել են այս մեկ ամսվա ընթացքում։ Իհարկե, որ հետհայաց ես գցում, հասկանում ես, որ կարելի էր ավելի լավ անել։ Որպես այդպիսին, գլոբալ սխալներ չի նկատվել իշխանության կողմից։ Բավականին լավ աշխատանք է տարվում»։

Նրա խոսքերով՝ հարևան երկրների հետ համեմատած՝ ամեն ինչ արվում է ռեսուրսների սահմանում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար հաստատել է աջակցության արդեն 13 ծրագիր։

Back to top button
Close