Նորություններ

Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին երեկ կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ: Վերջինս մեր զրույցում պատմել էր, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են Ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան:

armtimes.com

Back to top button