Նորություններ

Թեհրանի հայ համայնքում կորոնավիրուսից շուրջ 13 մահվան դեպք կա, իրանահայ համայնքն ինքնամեկուսացվել է. Ռոբերտ Բեգլարյան. tert.am

Թեհրանի հայ համայնքում այս ընթացքում շուրջ 11-13 մահ է գրացվել, նրանցից ոմանց դեպքում հաստատվել է, որ կորոնավիրուսից են մահացել, ոմանց դեպքում` ոչ, Նոր Ջուղայի համայնքում` մահացածներ չկան: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց Իրանի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում Իրանի հայ համայնքում ստեղծված իրավիճակին։

«Նոր Ջուղայում եղել են վարակվածներ, որոնք բուժվել են: Մեկ մահվան դեպք է գրանցվել, բայց հաստատված չէ` կորոնավիրուսի՞ց, թե՞ այլ հիվանդությունից է մահացել»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով` Թեհրանում, բժիշկների ներկայացմամբ, շուրջ 200 վարակակիրներ են եղել, որոնք փորձել են թաքցնել իրենց հիվանդությունը:  «Բայց  խիստ ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին տեղեկատվություն չկա: Համայնքում մեծամասամբ ժողովուրդը համակերպվել է իրավիճակի հետ, ինքնամեկուսացվել է` խուսափելով  շփումներից: Տոնական օրեր են եղել, բայց առաջնորդարանի սրբազանի, այստեղ եղած ազգային գործիչների հորդորներին ընդառաջ գնալով, խոսքը լսելով, հարգելով` ժողովուրդը զգուշություն է դրսևորել»,- ասաց նա:

Ռոբերտ Բեգրալյանի խոսքով` 1-2 հայկական թաղամասերում, որտեղի մեծահասակաների մոտ ավանդույթ է եղել փոքր խմբերով հավաքվելու, խնդիրներ եղել են: «Այդ խավը շարունակում է փոքրիշատե իր նախկին ապրելակերպը վարել»,- ասաց նա:

Իրանահայ պատգամավորի ներկայացմամբ` արդեն մի քանի օր է, որ իրանական Նոր տարու` Նովրուզի արձակուրդները վերջացել են, և հիմա մտահոգություն կա այն խավի վերադարձի հետ կապված, որը չէր լսել երկիրը չլքելու մասին իշխանությունների հորդորը․ «Նրանց վերադարձը և հոսքը դեպի իրանական տարբեր քաղաքներ կարող է համավարակի նոր ալիքի բռնկման շարժառիթ դառնալ»,- ասաց նա:

Վաղվանից, ըստ Ռոբերտ Բեգլարյանի, Իրանի ղեկավարությունը նոր ռեժիմ է սահմանելու, որովհետև կարծում է, որ երկրի որոշ ոլորտների գործունեությունը չի կարելի սահմանափակել:

«Վարսավիրանոցները, ռեստորանները, մեծ շուկաները, ինչպիսին օրինակ` ոսկունն է, պետք է դեռ մեկ շաբաթ էլ փակ մնան: Բայց պետական կառավարական մարմինները, մասնավորապես Թեհրանում, արդեն վաղվանից մասամբ աշխատանքի են անցնելու: Ծրագրվել է, որ պաշտոնյաների երկու երրորդը պետք է աշխատանքի անցնի: Աշխատանքային ժամերն են` առավոտվա 7-ից մինչև 14:00-ը: Դպրոցներն ու համալսարանները դեռ փակ կլինեն»,- ասաց նա` նշելով, որ  դա արվում է տնտեսական խնդիրներից խուսափելու համար․ «Առողջապահության նախարարությունը սակայն դեռ հորդորում է՝ ով կարող է, թող դեռ ինքնամեկուսացվի»:

Ռոբերտ Բեգլարյանը նկատեց, որ հիմա Իրանում հասարակությունը իրեն անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման հարցում որևէ սահմանափակում չունի: «Անհատական հիգիենայի միջոցները նախնական փուլում դժվար էր ձեռք բերելը, սահմանափակումներ կային, բայց այնուհետ դրանց արտադրությունը նոր թափ առավ, և հիմա ժողովուրդը ունի հնարավորություն դրանցից օգտվելու»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Back to top button
Close