Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hyundai-ն ու Mercedes-ը. կա 3 վիրավոր
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները:
Իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքի թաթային հատվածը կտրվել է և ոտքի այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Գ. Պողոսյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները;
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին տարիներին նշված հատվածում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառը ճանապարհի թերի կառուցումն է ու եթե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և Հայավտոճանը հետևություններ չանեն՝ նշված հատվածում վթարները չեն դադարի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 6-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում՝ ժողովրդին հայտնի «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 32-ամյա Վահե Ս.-ն իր վարած BYD մակնիշի 29 ՏՍ 316 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել էր երկաթե արգելապատնեշներին:
Վթարի հետևանքով ուղևոր, 28-ամյա Ս. Ս.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



