Բեռլուսկոնիի գործով վկա կնոջը թունավորել են ռադիոակտիվ նյութով
Մարոկկացի պարուհի Իման Ֆադիլը, ով մարմնավաճառների հետ երեկույթների գործով վկայություն էր տվել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, մահացել է, հայտնում է mk.ru-ն: Ansa-ի տեղեկություններով՝ կինը թունավորվել է ռադիոակտիվ նյութերի խառնուրդով:
Բեռլուսկոնին դատապարտվել էր 2013թ.-ին՝ Ռուբի անունով անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հաղորդվում է, որ այդ կապը խզվել է, երբ քաղաքական գործիչն իր վիլլայում օրգիաներ է կազմակերպել՝ հրավիրելով թեթեւ վարքի տեր բազմաթիվ կանանց:
Քննության տվյալներով՝ Բեռլուսկոնին լռության դիմաց վճարել է առանցքային վկաներին:
Նման վկաներից մեկն էր Ֆադիլը, ով պետք է ելույթ ունենար դատարանում եւ պնդեր, որ Բեռլուսկոնին լռության դիմաց վճարել է կանանց:
Հունվարին կինը հայտնվել է հիվանդանոցում, իսկ մարտի 1-ին մահացել: Բժիշկները նշել են, որ Ֆադիլի մոտ թունավորման ախտանիշներ կան: Անձամբ ինքը՝ Իման Ֆադիլը, հասցրել է հայտնել հարազատներին եւ փաստաբանին, որ իրեն թունավորել են:
La Repubblica-ի տեղեկություններով՝ խառնուրդի մեջ, որով կարող էին թունավորել կնոջը, եղել է կոբալտի ռադիոակտիվ իզոտոպ: Պարբերականը հիշատակում է նաեւ ՌԴ ԱԴԾ նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման հետ կապված սկանդալը:
Իտալական իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ֆադիլի մահվան փաստով:
Աղբյուր՝ mk.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան