Նորություններ

Կամավոր աշխատանքի լծված ուսանողները, ովքեր մեկուսացված կոնտակտավորներին մատուցում են բժշկական ծառայություններ

Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներն արտակարգ դրության պայմաններում իրականացնում են կամավորական աշխատանքներ. նրանցից շատերը մեկուսացված կոնտակտավորների համար իրականացնում են բժշկական ծառայություններ։

Ասատուր Չաքմանյանը ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանող է։ Ապագա բժիշկն արդեն 14 օր Երեւանի հյուրանոցներից մեկում մեկուսացված կոնտակտավորներին բժշկական օգնություն է ցուցաբերում։ Ասատուրը ԳԱԼԱ -ի հետ զրույցում նշում է՝ եկել է ինքնակամ, կամավորության համար մի քանի հայտ է լրացրել։

Նրա կարծիքով՝ այս իրավիճակում կամավորությունը հրատապ անհրաժեշտություն է։ Ասատուրը խոստովանում է, որ սա իր առաջին մեկուսացումն է, բայց պացիենտների հետ մտերմացել են, ընդգծում է, որ բժիշկ-պացիենտ հարաբերություններում փոխադարձ հարգանք եւ վստահություն կա, որն էլ համբերություն եւ կապ է ստեղծում՝ բժշկի եւ պացիենտի միջեւ։

Ապագա բժիշկը խոսում է մարդկանց սոցիալական պատասխանատվության մասին՝ կարեւորելով գիտակցական եւ հոգեբանական գործոնի անհրաժեշտությունը. «Ի սկզբանե սոցիալական պատասխանատվությունը ցածր էր, այսինքն՝ մարդիկ մտածում էին՝ սովորական վիրուս է, բայց ԱՀԿ-ն կորոնավիրուսը համաշխարհային պանդեմիա որակեց։ Ժամանակի ընթացքում մեդիան, վիրտուալ աշխարհը, այսպես ասած, մասնակցեցին քայլարշավին, դրանով իսկ մարդիկ սկսեցին գիտակցել պահի լրջությունը։ Այս պահին մարդիկ պահպանում են այն կանոնները, որոնք ցուցված են առողջապահության նախարարության եւ ԱՀԿ-ի կողմից։

Հյուրանոցում առաջին իսկ օրից մեկուսացվածներին ասել ենք, որ իրենք պետք է առաջին հերթին պատասխանատվություն կրեն դիմացինի առողջության համար, եւ մենք խնդրեցինք, բացատրեցինք, որ դուրս չգան հյուրանոցից, պահպանեն կանոնները։ Մարդիկ հասկացան, որ 14 օր պետք է դիմակայեն, եւ եթե անհրաժեշտ լինի ավելի էլ կմնան։ Ստեղծեցինք առողջ մթնոլորտ՝ գիտակցելով գիտակցական եւ հոգեբանական գործոնի անհրաժեշտությունը»։

Ասատուրը նաեւ երգում է, երբեմն պացիենտները հնարավորություն են ստանում լսել կենդանի կատարումներ։

Նա հյուրանոցում միակ կամավորը չէ։ Այնտեղ են նաեւ 2 կամավոր եւ մեկ բժիշկ՝ Նելլի Արշակյանը։

Կամավորը նշում է, որ խուճապ, լարվածություն ընդհանրապես առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ տեղյակ չեն, չեն տիրապետում իրենք իրենց պաշտպանելու կանոններին։

Ապագա բժշկի խոսքերով՝ կատարված աշխատանքի արդյունքում կարող են ֆիքսել, որ համավարակի աճը նվազում է եւ դա ինքնամեկուսացման շնորհիվ է։

Ասատուր Չաքմանյանի եւ իր ավագ գործընկերների հորդորը մեկն է. «համավարակի ողնաշարը կարելի է կոտրել՝ ինքնամեկուսացման կանոններին հետեւելով եւ պահպանելով ԱՀԿ եւ ԱՆ ցուցումները»։

Առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բուժաշխատողները եւս ապահովագրված չեն կորոնավիրուսով վարակվելուց, բայց նրանք չեն ընկրկում, որպեսզի փրկվեն կյանքեր եւ կասեցվի վարակի հնարավոր տարածումը։

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close