Նորություններ

«Աջակցության միջոցառման նպատակը չպետք է լինի վարկ, հարկ, կոմունալ չվճարելը։ Դա սխալ սկզբունք է». Մ. Գրիգորյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձան կառավարության աջակցության ծրագրերին։

Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ կառավարության կողմից կա հաստատված 10 ծրագիր՝ ընդգծելով, որ դրանցից լիարժեք ուժի մեջ են 6-ը։ Նրա փոխանցմամբ՝ միջոցառումների հասանելի գումարների չափը երեկվա դրությամբ 3 մլրդ 670 մլն դրամ է։ Խոսեց նաեւ 10-րդ ծրագրից, որը վերաբերում է միկրոբիզնեսին:

Նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ 4-րդ եւ 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը հասանելի է։ Բաթոյանը նշեց, որ վաղը հասանելի կլինի նաեւ 7-րդ ծրագիրը, որը հղի կանանց է վերաբերում։

Նախարարն ընդգծեց, որ վաղը շուրջ 3750 հղի կին կկարողանա ստանալ իր աջակցությունը։ Շեշտեց, որ մյուս 8-րդ եւ 9-րդ ծրագրերը դիմումների հիման վրա են իրականացվում։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ներկայացրեց տնտեսական 4 ծրագրերը. 1-ինը՝ միջոցներ հասցնել այն կազմակերպություններին, որոնք բանկերի համար հանդիսանում են հուսալի գործընկեր, 2-րդ ծրագրով՝ օժանդակություն գյուղոլորտին, 3-րդ ծրագրով՝ ՓՄՁ-ներին աջակցություն, իսկ 4-րդ ծրագիրը վերաբերում է այն գործատուներին, որոնք չեն կրճատել իրենց աշխատողներին։

Տիգրան Խաչատրյանը մատնանշեց, որ գյուղոլորտի աջակցությունը նոր չէ, պարզապես ապրիլից սկսած որոշվել է, որ սուբսիդավորումը կլինի ոչ թե մասնակի, այլ ամբողջությամբ։

Անդրադառնալով ՓՄՁ-ներին տրվող աջակցությանը՝ նախարարը պարզաբանեց, որ սույն աջակցությունից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք 2019թ. ընթացքում բարեխիղճ վարքագիծ են ցուցաբերել հարկային եւ վարկային պարտավորությունների մասով. «Այն կազմակերպությունները, որոնք ունեն 24 մլն դրամը գերազանցող, բայց 500 մլն դրամից պակաս շրջանառություն»։

Վարկային միջոցները տրամադրվում են 2 տարին անտոկոս, իսկ 3-րդ տարում 12% դրամային տոկոսադրույքով։

Կառավարության կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այն քաղաքացիների համար, ովքեր 9 ծրագրերից եւ ոչ մեկից չեն կարող օգտվել, սակայն նույնպես միջոց հայթայթելու եւ այս ծանր շրջանում ապրելու հնարավորություն չունեն։ ԳԱԼԱ -ի հարցին Բաթոյանը պատասխանեց. «Այն խմբերը եւ շահառուները, որոնք մշտապես ստացել են նախարարության կամ կառավարության աջակցությունը, իրենք դարձյալ այդ ծրագրերում կմնան, եւ այդ աջակցությունը պարբերաբար կտրամադրվի։ Նոր ծրագրերը միանվագ են, իսկ ընթացիկները՝ ոչ: Այս պահին աջակցությունը տրամադրվում է առավել տուժած, խոցելի ոլորտների աշխատողներին։ Մենք դեռեւս շարունակում ենք քննարկումներ իրականացնել»։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ տնտեսական ծրագրերը միտված են ավելի շատ զարգացնելուն, քան հակաճգնաժամային գործառույթներին, իսկ սոցիալական միջոցառման նպատակը՝ ճիշտ թիրախավորման միջոցով օժանդակելն է դրա կարիքն ունեցողներին։

Նրա խոսքերով՝ դրա շնորհիվ մեր երկրում կապահովվի վաստակի հաշվեկշիռը։

ԳԱԼԱ -ի հարցին, թե ինչու շատ երկրներ, այդ թվում՝ մեր հարեւան Վրաստանը, կոմունալ վճարները չեղարկելու որոշում կայացրին, իսկ մենք այդ մասով որեւէ ծրագիր չենք նախատեսում՝ գոնե մասնակի փոխհատուցման տարբերակով, չե՞ք կարծում, որ դա կլիներ առավել հասցեական եւ զգալի աջակցություն, փոխվարչապետը պատասխանեց. «Երբ մենք խոսում ենք ծախսի նպատակներից, փորձում ենք գալ խնդրի լուծմանը, միջոցառման նախագծմանը եւ չենք կարծում, որ դա այս պահին ճիշտ ուղղություն է, մենք գալիս ենք պոտենցիալ շահառուների խմբերը վերլուծելու ուղղությամբ։ Իսկ ինչո՞ւ կոմունալ վճարումները եւ ինչո՞ւ ոչ վարձակալության վճարները կամ սննդի հետ կապված ծախսերը… որպեսզի մենք գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, ճիշտ կլինի հարցին մոտենալ ոչ թե նպատակը գնահատելով, այլ շահառու խմբի կարիքը, իսկ շահառու խումբն ինքը կորոշի՝ ինչ ձեւով հոգա իր կարիքները։ Միջոցառման նպատակը չպետք է լինի հարկ չվճարելը, կոմունալ չվճարելը, վարկ չվճարել։ Դա սխալ սկզբունք է»,- եզրափակեց փոխվարչապետը։

 

 

Back to top button
Close