Նորություններ

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայորդուն արտահանձնելն ազատամարտիկների կողմից կդիտվի որպես վատ ազդանշան

Ցավով տեղեկացանք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են Ռուսաստանին հանձնել «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող, 2011թ.-ից ՌԴ-ում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին: Վերջինս արտահանձնման լուրի մասին իմանալով՝ ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել, իսկ երբ խնդիրը հայտնվեց որոշակի իշխանավորների ուշադրության առաջ, դադարեցրեց հացադուլը, սակայն նրան չարտահանձնելու հարցն այդպես էլ մնաց օդից կախված՝ չլուծված:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը գտնում է, որ ոչ մի դեպքում Միսակ Լազարյանը չպիտի հանձնվի Ռուսաստանին: Դա մեր ողջ ազգի, պետության, մեր պատվի և արժանապատվության հարցն է: Մենք չենք մոռացել ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքը, որից հետո այդ հանցագործը Չեխիայից արտահանձնվեց Ադրբեջան, ստացավ խոշոր դրամական պարգևներ, նոր պաշտոն և հերոսացվեց: Այդ ամենը փաստում է որ Ադրբեջանը հայասպանությանը խրախուսում և հովանավորում է պետական ամենաբարձր մակարդակով: Մինչդեռ Հայաստանում ականատես ենք լինում լրիվ հակառակ պատկերին՝ Հայաստանն է հայորդուն արտահանձնել պատրաստվում, երբ որ վերջինս դեռ դատապարտված էլ չէ հանցագործության համար, այլ հանդիսանում է սպանության քրգործով մեղադրյալ:

Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում էլ կան բազմաթիվ ադրբեջանցիներ, և չի բացառվում, որ Ռամիլ Սաֆարովի նման մեկն էլ կալանավայրում Գուրգեն Մարգարյանի նման կսպանի Միսակ Լազարյանին: Ուստի Հայաստանը պարտավոր է ապաստան տալ իր պաշտպանության կարիքն ունեցող հայորդուն, անկախ նրա քաղաքացիություն չունենալու հանգամանքից, քանի որ Ռուսաստանի ՔԿՀ-ներում նրա կյանքն ու առողջությունը վտանգված է:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին ՌԴ արտահանձնելը բոլոր ազատամարտիկների կողմից կդիտվի որպես այն բանի ազդանշան, որ Հայաստանում հայրենասեր անձինք պաշտպանված չեն և գտնվում են վտանգի տակ, Հայաստանի ներկայիս ղեկավարները ի զորու չեն պաշտպանել իրենց ազգային արժանապատվությունն ու հայրենիքը պաշտպանած հայորդիներին, և որ ազատամարտիկների ու զինծառայողների արժանապատիվ կյանքն ու անվտանգությունը ևս Հայաստանում վտանգված է:

Մեր աչքերի առաջ դեռ թարմ է 2019-ի սեպտեմբերի 18–ին Վայոց ձորում մարզպետարանի աշխատակիցների կողմից ծեծված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանի պատմությունը և մենք ուշի ուշով հետևում ենք տվյալ գործի ընթացքին և արձանագրում, որ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկվողները ազատության մեջ են և դեռևս պատժված չեն: Այդ փաստն արդեն իսկ վրդովվեցնում է մի շարք ազատամատիկների և զինվորականների:

Միսակ Լազարյանին Ռուսաստանին արտահանձնելով՝ Հայաստանի ներկայիս կառավարությունը վերջնականապես կսպառի մի շարք ազատամարտիկների և կադրային սպաների մոտ ձեռք բերված վստահությունը, որոնք քիչ թե շատ կարծում էին, թե երկրում իրավիճակ է փոխվել և որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ ազգային և հոգևոր արժեքներն ապահովագրված են ոտնձգություններից, իսկ հայրենասեր նվիրյալ անձինք ու ազգի պաշտպանները՝ գնահատված:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

 

Back to top button
Close