Նորություններ

Պուտինը մեկ անգամ չի ընդգծել, որ Հայաստանն իր անվիճելի հետաքրքրություններից է. Դենիս Ֆոմին-Նիլով. Tert.am

Ռուսաստանի Հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտոր, պատմաբան Դենիս Ֆոմին-Նիլովը վստահ է, որ նավթի և գազի քաղաքական ազդեցությունն ու դերը հետխորհրդային երկրներում շատ է չափազանցվում: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի հնարավոր թանացման պատճառներին:

«Իհարկե, պետական կազմակերպություններում Ռուսաստանի կառավարության դերն ու նշանակությունը շատ մեծ է, բայց նաև` այդ կազմակերպություններում կառավարման տրամաբանությունը նույնն է, ինչպիսին որ ցանկացած բաժնետիրական ընկերությունում է` բիզնեսի առավելագույն մարժա և սեփականատերերի համար բարձր կայունությամբ շահաբաժինների ապահովում: Այդ իսկ պատճառով այս բիզնեսի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր հնարավոր միջոցներով ավելացվի սեփական արտադրանքի գինը»,- ասաց նա:

Դենիս Ֆոմին-Նիլովի խոսքով` իհարկե, ռուսական իշխանությունները, որպես մեծ բաժնեմաս ունեցող բաժնետեր, բավարար հաճախականությամբ են ճնշում գործադրել ստրատեգիական գործընկերների համար սակագինը որոշելու գործընթացում, բայց այդ դեպքերում էլ միշտ անհրաժեշտ է եղել լուծել բիզնեսի կորսված եկամուտների փոխհատուցման հարցը:

«Այդ փոխհատուցումները տարբեր տեսքով են լինում: Ներկա իրավիճակում` նավթի կտրուկ գնանկման պայմաններում, քաղաքական էլիտայի համար բավականին դժվար է բիզնես էլիտաների հետ ապահովել արդյունավեր և կառուցողական երկխոսություն»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ իհարկե, Ռուսաստանի քաղաքացիների համար շատ տարօրինակ է թվում, երբ գործընկեր երկրների ղեկավարներն այդքան մեծ ուշադրություն են դարձնում այդպիսի «մանր» կոմերցիոն հարցերի վրա:
«Ռուսաստանում այս հարցերն անգամ նահանգապետների մակարդակով չեն դիտարկվում»,- ասաց Ֆոմին-Նիլովը, ապա նկատեց, որ Հայաստանի ղեկավարներին աշխարհաքաղաքական և տնտեսական պայմաններն են ստիպում առաջնահերթ համարել այն հարցերը, որոնք առարկայական ազդեցություն ունեն ընդհանուր պետության վրա:

«Վլադիմիր Պուտինն արդեն տարիներ շարունակ բարդ և մեծ երկրի ղեկավար է, որը ֆեդերացիա է, ուր տարբեր մարզեր ունեն լուրջ հակասություններ, որտեղ պետք է հաշվի առնվեն տարբեր խմբերի կարծիքներ, երկխոսություն կազմակերպել միմյանց հակադիր շահեր ունեցող մեծ թվով խաղացողների միջև: Պետք է նկատել, որ նրա մոտ դա վատ չի ստացվում,- ասաց նա,- Պուտինը մեկ անգամ չէ ընդգծել, որ իր համար առաջնահերթային են Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերը, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամությունն ու գործընկերությունն իր անվիճելի հետաքրքրություններից են: Դրա համար նա չի կարող լավ հարաբերություններ չկառուցել Հայաստանի ղեկավարների հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել էին ներմուծվող գազի գնի հարցը՝ նշելով, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին։

Հռիփսիմե Հովհաննիսյան

tert.am

Back to top button
Close