Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է գազի գնի եւ դրա դիմաց ռուբլով վճարելու հարցը

«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ գազի գնի նվազեցման հարցն ենք քննարկել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ՌԴ նախագահին ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, ե՛ւ հումանիտար, ե՛ւ տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք այդ թեման քննարկել և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել, որովհետեւ կառավարության և մեր հանրության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել», — ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում մեկ անգամ եւս ասել է, թե ճիշտ կլինի, որ Հայաստանը ռուբլով վճարի գազի դիմաց, որովհետեւ դա ավելի տրամաբանական է նաեւ ԵԱՏՄ համատեքսում:
«Հույս ունենանք, որ այս բանակցությունները հաջող կլինեն»,-նշեց Փաշինյանը:
Ըստ ՀՀ վարչապետի՝ գազի գինը նախկինում եղել է քաղաքական շահարկումների եւ մանիպուլյացիաների առարկա: «Եւ որքան էլ տարօրինակ թվա, առաջին հերթին նկատի ունեմ նախկին կառավարությանը, որովհետեւ նախկինում Հայաստանի կառավարությունը դա բազմիցս օգտագործել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ այսօր, երբ մենք նման իրավիճակների հետ ենք բախվում, նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետեւանք է, եւ մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք»,-նշեց Փաշինյանը: