Նորություններ

«Մոտ ժամանակներս հույս ունենք, որ կստանանք Անկարայի և Թբիլիսիի թույլտվությունը, ավտոբուսը կշարժվի Թբիլիսիից, և դրանով կտեղափոխենք մեր հայրենակիցներին». Գ. Մուշեղյան

Թուրքիայից Հայաստան ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացիների տեղափոխման գործընթացի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է մեր հայրենակիցների վերադարձը կազմակերպող կամավոր Գագիկ Մուշեղյանի հետ։

«Այս օրերին Թուրքիայից Երևան եկող ոչ մի փոխադրամիջոց չի գործում՝ ո՛չ օդային, ո՛չ ցամաքային։ Մեր հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակի մեջ։ Ստամբուլում ավելի քան 100 հայ ցանկություն է հայտնել, որպեսզի հետ վերադառնա Հայաստան։ Նրանց մեծ մասը ոչ կամովի հայտնվել է այս իրավիճակի մեջ։ Այսինքն, ավտոբուսով եկել է Ստամբուլ գնումների, բայց քանի որ ճանապարհները փակվել են, հայտնվել են փակուղում, իսկ մի ստվար խումբ էլ տարիներով աշխատել է Ստամբուլում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Ստամբուլի բնակիչ Գագիկ Մուշեղյանը։

Նրա խոսքերով՝ փակվել են աշխատատեղերը, արտադրամասերը, և մարդիկ սոցիալական խնդիրների առջև են կանգնած: «Խնդիրներ են առաջացել տան վարձի, կոմունալ վճարների հետ կապված։ Թուրքիայի քաղաքացիների համար տարժամկետներ սահմանվել են, բայց քանի որ մենք քաղաքացիություն չունենք, դա մեզ չի վերաբերում, պիտի այդ վճարումներն անպայման կատարենք»։

Մուշեղյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու հարցում բախվել են մի շարք դժվարությունների։ «Քանի որ Թուրքիան բոլոր ճանապարհները փակել է, Վրաստանով է տեղի ունենալու վերադարձը, բայց այստեղ տրանզիտի խնդիր է առաջացել, այսինքն՝ Վրաստանի իշխանությունը պիտի թույլտվություն տա։ Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի համապատասխան կառույցների հետ փորձում ենք ստանալ այդ թույլտվությունը, բացի դրանից, թույլտվություն է պետք նաև Ստամբուլից»,- նշեց Մուշեղյանը։

Գագիկ Մուշեղյանն ընդգծեց, որ Պոլսո պատրիարքարանը ցուցակագրում և կարիքավորներին օգնություն է բաժանում, բայց այդ մի արկղ սնունդը ոչ մի հարց չի կարող լուծել։ «Մարդիկ ունեն դրամական աջակցության կարիք, բայց, ցավոք, եկեղեցին չի կարող դա իրականացնել, որովհետև գոյատևում է հանգանակությունների հաշվին»։

«Մոտակա ժամանակներս հույս ունենք, որ կստանանք Թբիլիսիի և Անկարայի կողմից թույլտվությունը։ Ավտոբուսը կշարժվի Թբիլիսիից, և այդ ավտոբուսով կտեղափոխենք մեր հայրենակիցներին»,- եզրափակեց Մուշեղյանը։

Թուրքիայից Հայաստան վերադարձող մեր հայրենակիցներն արդեն ցուցակագրվել են։

 

 

Back to top button
Close