Նորություններ

«Դա լինելու է նոր աշխարհ, և այդ աշխարհում դաժան պայմաններ են լինելու». քաղաքագետ

«Ընդհանրապես կորոնավիրուսից հետո գլոբալացումն աշխարհում կանգ է առնելու, և հասարակություններն ավելի ու ավելի են հակվելու դեպի ներս՝ դեպի ազգային, ազգասեր և գաղափարական իշխանություններ, որոնք նոր լուծումներ են առաջարկելու նոր աշխարհի բարդ խնդիրներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպիսի՞ն է այս իրավիճակում Հայաստանի ներքաղաքական, հասարակական կյանքը: Ի՞նչ ռիսկեր կան, և կորոնավիրուսի հնարավոր տարածումն ինչպիսի՞ անդրադարձ կունենա հասարակական-քաղաքական կյանքի վրա։

-Ներքաղաքական կյանք չկա: Կա համաճարակի շրջանակներում ընթացող անչափ ակտիվ թվային և մեռնելու ենթակա իրական կյանք, որը, ցավոք, փողոցներում այդպես էլ չի մեռնում՝ ստեղծելով մահերի մեծ քանակության հնարավոր և լուրջ սպառնալիք: Ներքաղաքական կյանքը հիմա ընթանում է իշխանության պայքարի տեսքով կորոնավիրուսի տարածման դեմ: Իսկ ընդդիմության գիտակից հատվածն էլ պայքարում է իշխանության անհեռատես, անհեթեթ և անընդհատ ուշացող մեթոդների և բացթողումների դեմ: Եվ այդպես խորացող առողջապահական ճգնաժամի ֆոնին երկիրն ընկղմվում է աննավապետ նավի և դրա շղթայված թիավարների պայքարի մեջ, երբ ծովում փոթորիկ է, և որից բոլորն են տուժելու: Ստացվել է այնպես, որ հսկայական հույսերով նավի անձնակազմը նավի ղեկը հանձնեց մարդկանց, որ նավ վարել չգիտեին, և որոնք այս լուրջ փոթորկի պահին ղեկն ալիքներին են հանձնել:

Պատերազմական այս իրավիճակում իշխանությունն անթույլատրելի սխալներ է անում, բայց շարունակում է որոշակի սատարում վայելել, որովհետև նավի վրա կան զանգվածներ, որոնք ընդհանրապես ծովագնացությունից տեղյակ չեն, և որոնց քաղաքական մազոխիզմը անհավատալի երանգներ է ընդունել:

Ինչ վերաբերում է հետոյին, ապա կորոնավիրուսի պատվաստանյութի ի հայտ գալուց հետո Հայաստանի և ոչ միայն Հայաստանի տնտեսությունն իրենից ավերակներ է ներկայացնելու: Երկրում հանցավորության մակարդակն աննախադեպ աճ կարձանագրի, քաղաքացիների հսկայական խմբերի սոցիալական վիճակն անտանելի դարձած կլինի, քաղաքական կյանքը կդառնա քաոտիկ և գրեթե անկառավարելի: Եվ անկասկած է, որ ներկա իշխանությանն այս համաճարակի ընթացքում իրենց մեծամտության և հանցավորատիպ թողտվության համար ժողովուրդը չի ներելու:

Իսկ դա նշանակում է, որ նոր, իսկական հեղափոխության հասարակական պահանջ կառաջանա: Եվ դրանից, ցավոք, կարող են և օգտվել նախկինները, որովհետև դաշտում նրանց ներկայությունը գիտակցաբար և կանխամտածված շարունակել է ապահովել ներկայիս՝ նոր իշխանությունը: Նորերը դա համարել են իրական՝ նոր և քաղաքականապես վտանգավոր ընդդիմության կանխման տարբերակ, որպեսզի ամեն անգամ ժողովրդին մատնացույց անեն նախկիններին և ասեն, թե՝ տեսեք, եթե մենք չլինենք, կլինի ռևանշ: Եվ այդ ռևանշը մի օր կարող է և իրականություն դառնալ: Բայց այս անգամ այլևս ժողովուրդը չպետք է նման բան թույլ տա: Հրապարակում լինելու են նոր ուժեր. երիտասարդներ և միջին տարիքի պրոֆեսիոնալներ, որոնք պետք է անպայմանորեն ազգային գաղափարների կրողներ լինեն: Ընդհանրապես կորոնավիրուսից հետո գլոբալացումն աշխարհում կանգ է առնելու, և հասարակություններն ավելի ու ավելի են հակվելու դեպի ներս՝ դեպի ազգային, ազգասեր և գաղափարական իշխանություններ, որոնք նոր լուծումներ են առաջարկելու նոր աշխարհի բարդ խնդիրներին:

Սկսվելու են ներքին՝ դրսի շուկաներից անկախ արտադրություններ հիմնվել, երկրները գրեթե զրոյից նորից կառուցման փուլեր են նախաձեռնելու: Եվ դա լինելու է նոր աշխարհ: Այդ աշխարհում դաժան պայմաններ են լինելու: Եվ եթե Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը չկարողանան ճիշտ ուղի ընտրել, կկանգնեն բարդագույն և գոյութենական խնդրի առջև:

-Կառավարության կողմից կատարվող քայլերը կորոնավիրուսի կանխարգելման և հետևանքները վերացնելու ուղղությամբ գոհացնո՞ւմ են:

-Չեն գոհացնում: Ուշ են, բայց ուշացած չեն: Ապացուցված է, բոլոր ամենահեղինակավոր և լուրջ մասնագետներն են պնդում, որ եթե զսպման քայլեր չկատարվեն, ապա մահերը յուրաքանչյուր երկրում ահռելի քանակների կհասնեն: Հայաստանում զսպումն անչափ թույլ է արվում: Բայց եթե ընդհանրապես չարվի, մենք հսկայական ազգաբնակչություն կկորցնենք, որը կհանգեցնի երկարաժամկետ գրեթե անվերականգնելի տնտեսական փլուզման: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքների վերացմանը, ապա մենք անգամ դրա իրական հարվածին չենք մոտեցել, ուր մնաց վերականգնման մասին մտածենք: Ինչ վերաբերում է ձեռնարկվող իբրև թե սոցիալական քայլերին, ապա դրանք և՛ չնչին են, և՛ այնքան վատ են մտածված, որ դառնալու են գումարների ավելորդ վատնում, որի արդյունքում բանկերը շահելու են, ժողովուրդը՝ ոչ: Սոցիալական փրկության ծրագիրն անգամ փրկարար բնույթ չի կրում, այլ մնացել է թեթև տնտեսական ճգնաժամի մոդելի շրջանակներում: Դա անթույլատրելի է: Այս թեման բավական ծավալուն է, բայց մի բան անհրաժեշտ է արձանագրել. այս կառավարությունը ստեղծում է սոցիալական պայթյունի հիմքեր: Տգետներով և բանկիրներով ոչ թե սոցիալական փրկություն են փորձում կատարել, այլ տնտեսական խթանում:

Եվ դա իշխանությանը քաղաքականապես շատ թանկ է արժենալու: Շատ թանկ է արժենալու և երկրին: Շատ ավելի թանկ: Ոչ թե ֆինանսապես, այլ բոլոր առումներով: Կապրենք՝ կտեսնենք: Հուսանք այս հնարավոր կանխատեսումներն իրականություն չեն դառնա: Շատ ուզում եմ, որ այդպես լինի: Եվ դրա հավանականությունը նույնպես առկա է:

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից մշակված և ԱԺ-ի կողմից ընդունված կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու օրենսդրական նախագիծը:

-Այդ մասին արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու: Իմ համոզմամբ դա քաղաքական նպատակներ ունի: Այո, լավ, բարի նպատակ նույնպես ունի, և դա վարակի տարածման դեմ պայքարն է: Բայց այն պայմաններում, երբ ժողովրդի կեսն, այնուամենայնիվ, փողոցներում է, Հայաստանի մի մաս Արցախում ընտրություններ են և այն էլ երկու փուլով, այսինքն երկու անգամ, երբ մարդիկ անլուրջ են վերաբերվում համաճարակին, երբ իշխանություններն իրենք ծայրահեղ անլուրջ էին վերաբերվում դրան և անչափ կարևոր հսկայական ժամանակ

կորցրին այն կառավարելի պահելու համար, և հիմա, երբ վարակակիրների պաշտոնական թիվն այս փոքրիկ երկրում հազարին է մոտենում, այլևս անիմաստ է և անհնար այդքան մարդուն տեղորոշելով արդյունավետ կանխում կատարել: Այդ գնացքն այլևս վաղուց գնացել է: Հիմա անհրաժեշտ է կտրուկ զսպում իրականացնել: Դրա փոխարեն Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որն աղետի է հանգեցնելու: Ոչ մի բանական մարդ դրանում չի կասկածում: Հիմա այս պայմաններում այլևս ի՞նչ տեղորոշում, ի՞նչ կանխարգելում…

Ցավոք սրտի, մենք խելագար տգիտությամբ սլանում ենք դեպի լայնամասշտաբ ինքնավնասում, և այդ գնացքն իր հիմնական արգելակներից արդեն զրկվել է: Ասեմ նաև, որ բացասականն այս հարցազրույցում կարծես թե շատ ստացվեց: Եվ դա խնդիր է Հայաստանում, որովհետև մենք միակ ազգն ենք աշխարհում, որ ատում է դառը ճշմարտություններ լսել և պահանջում է, ստիպում է, հայհոյում է, որպեսզի իրեն գեղեցիկ, հույսերով լիքը վարդագույն երազներ մատուցվեն:

Ցավոք, սկզբունքայնությունը առանձին անհատներին թույլ չի տալիս անել այդ, թեև քիչ չեն այն մասնագետները, որ այս օրերին կա՛մ լռում են, կա՛մ սպասում են իրավիճակի փոփոխության, որ հետո արդեն խրոխտ ճառեր ասեն, կա՛մ էլ անճաշակ և էժանագին հումորներ են արտադրում ամենօրյա ռեժիմով: Իսկ իրականությունն իրականում մռայլ է: Եթե կան վարդագույն, լուսավոր հույսի կետեր, թող հստակ ասեն: Այդպիսիք աշխարհում ոչ մի տեղ այս օրերին ոչ ոք չի տեսնում: Ոչ ոք հույսի ոչ մի շող ոչ ոքի չի տալիս: Այլ մատուցում են դառը ճշմարտություն, որովհետև միայն ճշմարիտ պատկերը տեսնելով է հնարավոր ամենամռայլ սցենարներից որոշակիորեն խուսափել:

Խուսափել՝ իրավիճակը ճիշտ գնահատելով և կտրուկ, վճռական և ավելի ու ավելի ահագնացող աղետները կանխորոշելով և հետևաբար կանխարգելելով: Եվ եթե Հայաստանում լույսի շողեր կամ պայծառ ապագա տեսնողներ կան, որոնց համար սեփական դեպրեսիայի դեմ պայքարը միշտ վերածվում է ուրիշներից հալյուցինատիվ դեղեր ստանալու պահանջի, և եթե կան իրատեսությունը մերժողներ, ապա դա իրենց խնդիրն է: Եվ դա, ցավոք, այո՛, մեր ազգային խնդիրն է: Հիմնականն այսօր:

Back to top button