Նորություններ

Խճանկար՝ այսպես են աշխատում բժիշկները աշխարհի տարբեր երկրներում. amerikayidzayn.com

«Դու մենակ չես», — այսպիսին էր կորոնավիրուսով վարակվածներին ուղղված Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի բժիշկների դիմումը: Բոլոր մյուսներին ուղղված դիմումը մեկն է՝ մնացեք տանը: Իրենց տեսահոլովակում բժիշկներն ավելի քան անկեղծ են.

Սարա Ջեյն Հոլ, բուժքույր, Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոց.

«Աշխատելով այստեղ, մենք առերեսվում ենք մահվան հետ ամեն օր, փորձելով հնարավորին չափ շատ կյանքեր փրկել: Եթե ասեմ, որ ինքներս չենք վախենում, անկեղծ չեմ լինի: Հիվանդանոցները բժշկական պարագաների սուր պակաս ունեն՝ մեզ հատկացվում է օրը միայն մեկ դիմակ՝ մեկ դիմակ մեր, մեր հարազատների եւ գործընկերների եւ վիրուսի միջեւ: Բայց մենք ուժեղ ենք եւ միասնական»:

Իսպանիայում բժիշկները փորձում են սթրեսը հաղթահարել պարով: Ուշադրություն՝ անհոգ թվացող Մադրիդի այս հիվանդանոցի բժիշկները հոգ են տանում կորոնավիրուսով ավելի քան 1000 հիվանդների համար:

Կորոնավիրուսի հիվանդներին հատկացված Փարիզի այս մասնավոր հիվանդանոցում բժիշկներն ուրախանում են, երբ հաջողվում է փրկել հերթական ծանր հիվանդի կյանք ու սեփական հաշվարկներն անում.

Փիեր Սքուարա, բժիշկ, AMBROISE PARE կլինիկա.

«Մեր հիվանդանոց տեղափոխվող հիվանդների շրջանում ծանր հիվանդների թիվն իջնում է: Այսինքն, հիվանդների ընդհանուր քանակն ավելանում է, սակայն, նրանց շրջանում ծանր հիվանդների համամասնությունն իջնում է: Եթե այսպես շարունակվի, ապրիլի 7 կամ 8 կարող ենք ասել, որ ամենածանր շրջանն անցյալում է»:

Վերադառնալով Իսպանիա՝ այստեղ, Բարսելոնայի հիվանդանոցներում բժիշկները բողոքում են իշխանությունների անբավարար ջանքերից, որի արդյունքում, պաշտպանական պարագաների բացակայության պայմաններում Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների 14.7 տոկոսը, կամ ավելի քան 15,000 մարդ բուժաշխատողներ են կազմում: Քննադատության են արժանանում նաեւ ինքնամեկուսացման կոչն անտեսող քաղաքացիները:

Նյու Յորքի բժիշկներն իրենց կողմից կրկին անգամ փորձել են դիմել երիտասարդներին՝ կոչ անելով նույնպես զգուշանալ կորոնավիրուսից եւ չկարծել, թե նրանց վտանգ չի սպառնում:

Բենջամին Օբասեկի, բժիշկ, NEW YORK HOSPITAL.

«Թյուր կարծիք կա, որ վտանգը սպառնում է միայն տարեցներին: Դա սուտ է. ամեն օր մեզ մոտ են տեղափոխվում երիտասարդներ, որոնց առողջությունը լուրջ վնասվել է կորոնավիրուսի հետեւանքով, այնքան լուրջ, որ մենք ստիպված ենք եղել նրանց սարքավորումների միացնել, որպեսզի նրանք կարողանան պարզապես շնչել, ինչպես օրինակ իմ հետեւում պառկած հիվանդը, որի սարքի ձայնը դուք այժմ լսում եք»:

amerikayidzayn.com

Back to top button
Close