Նորություններ

ԱԱՏՄ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ավելի քան 30–ը մեկուսացված են

Այս իրավիճակը կենտրոնի աշխատանքների վրա էական ազդեցություն չի ունեցել։ Տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված հսկողությունը սահմանային անցակետրում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակիցների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 17 աշխատակից մեկուսացված են, 14-ը, որոնք ուղիղ կոնտակտ չեն ունեցել՝ ինքնամեկուսացած, ևս 6–ի մոտ թեստի պատասխանը բացասական է եղել։

Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Այս պահի դրությամբ նրանց մոտ, բարեբախտաբար, ծանր վիճակ չի գրանցվել»,– ասաց նա։

Վարակի դեպքերը գրանցվել են «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղացված հսկողության ռեժիմի պայմաններում աշխատելու օրերին։

«Մեկի վիճակը լավ էր, ու «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցից արդեն տեղափոխվել է հյուրանոց` մեկուսացման։ Մյուսի մոտ, ով նրա հետ հերթապահել էր, ևս ախտորոշվել էր վարակը։ Նախապես կասկածվում էր թոքաբորբ, բայց դա հերքվեց, ու հիմա շատ լավ է»,– հայտնեց նա։

Հակոբ Ավագյանի խոսքով` այս իրավիճակը կենտրոնի աշխատանքների վրա էական ազդեցություն չի ունեցել։ Տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված հսկողությունը սահմանային անցակետրում։

Նշենք` սահմանային հսկիչ կետերում դեռ հունվարի 24–ից հատուկ հսկողության ռեժիմ է գործում, որի ժամանակ Հայաստան ժամանող անձանց մոտ իրականացվում է ջերմաչափում, արտաքին զննում և անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։

Հակոբ Ավագյանի տվյալներով` հունվարի 24–ից մինչ օրս 172 ուղևոր հոսպիտալացվել է։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելուց հետո` մարտի 19-ից սկսած, երբ Հայաստան ժամանող ուղևորներին սկսեցին պարտադիր կարգով մեկուսացնել, մեկուսացվել է 11 895 ուղևոր։

armeniasputnik.am

 

Back to top button
Close