ՆորություններՏնտեսական

Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ ինչպես քաղաքացիները դիմեն, ուր դիմեն և ովքեր, որ ծրագրի շահառու են հանդիսանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մամուլի կենտրոնում անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով տնտեսական խնդիրների չեզոքացման ծրագրերին։  Բաթոյանը մանրամասնեց՝ ինչպես քաղաքացիները դիմեն, ուր դիմեն և ովքեր, որ ծրագրի շահառու են հանդիսանում։

ԳԱԼԱ-ի հարցին, թե թոշակառուները և նպաստառուները կառավարությունից արդյոք օժանդակություն կստանան, ինչպիսի՞ օժանդակություն կտրվի սոցիալապես անապահով ընտանիքներին, նախարարը պատասխանեց. «Կառավարությունը, անկախ կորոնավիրուսի հետևանքներից, հայտարարված արտակարգ դրությունից, աջակցում է այն կենսաթոշակառուներին, ովքեր ընդգրկված են նպաստի համակարգում։ Մենք միայնակ և անժառանգ տարեցների համար միջազգային կազմակերպությունների, մեր ծրագրերի շրջանակներում կազմակերպել ենք հավելյալ աջակցություն՝ սննդի տեսքով, ախտահանիչ պարագաների տեսքով, որպեսզի նրանց տնից դուրս գալու անհրաժեշտությունը նվազեցնենք։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, վերաձևակերպվել են»։

Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով նպաստ համակարգի շահառուներին, ընդգծեց, որ ընտանեկան նպաստը ևս սոցիալական աջակցություն է և միանվագ չէ։ Նա նաև հավելեց, որ նպաստ համակարգի շահառուներն օգտվում են բազմաթիվ արտոնություններից՝ կոմունալ ծախսերի սուբսիդիաներից, առողջապահական պետպատվերի ծրագրից։ Նախարարը հայտնեց, որ իրենք 15-ժամյա կապի մեջ են քաղաքացիների հետ։

Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 2-ի հերթական նիստին որոշում ընդունեց օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած և երեխաներ ունեցող ընտանիքներին, յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ։ Աջակցությունը միանվագ է։

 

Back to top button