Նորություններ

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան — Ալիև սպասվող հանդիպմանը, նշեց.

«Մենք գնում ենք օրակարգով, որը շատ հստակ արտահայտված է, և ինձ թվում է՝ արտահայտված է վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցրած ելույթում»:

Ինչ վերաբերում է երեք սկզբունքներին ու վեց տարրերին, որոնց մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, նախարարն ընդգծեց, որ դրանք բանակցային ձևավորված շրջանակում են.

«Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են նրան, թե ավելի արդիական և ավելի արդյունավետ պրակտիկ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի ԼՂ ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը: Եվ նաև նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի որպես նախապայման, այլ պետք է դիտվի որպես արդյունավետությանն ուղղված մոտեցում: Ինչպես նաև մենք անդրադարձել ենք հարցերի, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, և այդ առումով նույնպես գիտեք, որ վարչապետն արտահայտվել է համարձակ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն, նախարարն ասաց՝ բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել:

«Եվ եթե մենք իսկապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից»:

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախի ԱԳ նախարարի՝ սկզբունքների հնացած լինելու մասին հայտարարությանը, նշեց.

«Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են»։ Արտգործնախարարը նշեց՝ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը.

«Եթե սկզբունքները դիտարկում ենք որպես շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, երբևէ որևէ մեկը չի մերժել դա, որ գոյություն ունի»:

Ավելին
Back to top button