Նորություններ

Արմեն Ջիգարխանյանի անունից գործող էջը կեղծ է. հերթական խաբեությունը՝ ֆեյսբուքում

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է համացանցի միջոցով տարբեր խարդախությունների կամ հափշտակությունների աճ։ Թիրախները հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերից՝ մասնավորապես ֆեյսբուքից՝ օնլայն խաղարկությունների կազմակերպման միջոցով։ Այս եղանակով հափշտակություններ կատարողները սովորաբար օգտագործում են հայտնի մարդկանց անուններ և լուսանկարներ։ Արդեն իսկ գրել ենք Հենրիխ ՄխիթարյանիՔիմ ՔարդաշյանիՍիրուշոյի, Սերժ Թանկյանի և այլոց անվան նմանությամբ ստեղծված կեղծ էջերի մասին։

Այս անգամ կեղծարարներն օգտագործել են հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի լուսանկարը, ու անվան նմանությամբ ստեղծել Armen DzikWhyuilhmfkrin էջը։

 

Գրառման մեջ Արմեն Ջիգարխանյանի անունից հանդես եկող էջը նշում է, թե փնտրում է 1500 մարդու՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ տարածքներից, և կոչ անում մեկնաբանություններ թողնել գրառման տակ։ Այդ գործողությունից հետո օգտատերերը ստանում են անձնական հաղորդագրություններ՝ կոչով՝ տարածել հոդվածը 5-10 խմբերում։ Այնուհետև ևս մեկ նամակ՝ հղման տեսքով, որտեղ մարդիկ պետք է գրանցեն իրենց անձնական տվյալները, այնուհետև՝ բանկային քարտի տվյալները՝ հետագայում գումար ստանալու համար։ Կարճ ժամանակ անց խաբեբաները յուրացնում են բանկային քարտում առկա գումարը։

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կիբերհանցագործության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողներին հաջողվել է արգելափակել նմանօրինակ մի քանի էջեր և քայլեր ձեռնարկել դրանց տերերի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս գործով երկու քաղաքացիներ արդեն իսկ տուժող են ճանաչվել։

 

 

Անկախ իրազեկման միջոցառումներից՝ այս գրառումները շարունակում են մոլորեցնել և թիրախավորել հազարավոր օգտատերերի, այդ պատճառով կարևոր է հիշել մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել նմանօրինակ խարդախություններից.

  • Կասկածով վերաբերեք բոլոր այն հաղորդագրություններին, որոնք գումար աշխատելու հեշտ ճանապարհ են առաջարկում
  • Ուշադրություն դարձրեք հայտարարության բովանդակությանը. նմանատիպ խաբեությունները, որպես կանոն, կատարվում են օտարերկրացիների կողմից, որոնց գրառումներում կան բազմաթիվ սխալներ
  • Մի բացեք այն հղումները, որոնք ուղարկվել են անծանոթ անձանց կողմից՝ առանց համոզվելու, որ դրանք կեղծ չեն
  • Երբեք մի փոխանցեք ձեր բանկային տվյալներն անծանոթ անձանց
  • Ճանաչված անձանց խաղարկություններին մասնակցելիս՝ անպայման համոզվեք, որ դա նրանց պաշտոնական էջն է, որում առկա է «ստուգված է» (verified) տարբերակիչը։

 

infocheck.am

Back to top button
Close