Մշակույթ/Պատմություն

Հայաստանում կանցկացվեն Մալթայի երաժշտության օրեր

Մարտի 19-22-ը Երևանում կանցկացվի «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ հայ արվեստասերներին ներկայացնելով Մալթայի երաժշտական մշակույթը:  Նախաձեռնության հեղինակներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի շրջանակներում կանցկացվեն սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մալթացի ջութակահար Կարմինե Լաուրին։ Համերգի դիրիժորներն են Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: «Գրեմմի» մրցանակակիր Իլյա Շտուպելն առաջին անգամ է հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը:

Հայ և մալթացի ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների պատմություն ունի: Արդեն մի քանի դար Մալթայում գոյություն ունի հայկական համայնք, որը թեև փոքր է, բայց ապրում է ակտիվ համայնքային կյանքով:

Մեկ տարի առաջ Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: 12 օր շարունակ` ապրիլի 18-30-ը կազմակերպվեցին տարբեր մշակութային միջոցառումներ։ Մասնավորապես, Մալթայում հայկական օրերի շրջանակներում կայացավ 18 համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, հայ ականավոր երաժիշտներ և անսամբլներ. տեղի ունեցան  համերգներ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին ու Տիգրան Մանսուրյանին, հայ, իտալացի, մալթացի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների համատեղ կատարումներ, համերգ Հայաստանի և Մալթայի Եվրատեսիլի հաղթողների մասնակցությամբ, հայկական «Արվեստ և մշակույթ» հիմնադրամի շահառուների ելույթներ՝ մալթացի տաղանդավոր երեխաների հետ միասին:

Ներկայացվեցին նաև արվեստի այլ ճյուղեր. Ֆրանսիայից ժամանած «Արաքս» պարային համույթը հիացրեց հանդիսատեսին հայկական պարերով, ցուցադրվեցին հայ ռեժիսորների կինոնկարներ, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը, կազմակերպվեցին լուսանկարների ցուցադրություններ՝ նվիրված Արամ Խաչատրյանին, Կոմիտասին, մալթացիներին հիացրեց «Խաչքարեր» ֆոտոցուցահանդեսը:

Ավելին
Back to top button