Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Օլիգարխները գնում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր և շահավետ առաջարկներ անում բժիշկներին. Stern

«Մինչ այժմ Ռուսաստանը շարունակում է համեմատաբար լավ պաշտպանված մնալ կորոնավիրուսից: Այնուամենայնիվ, մեծահարուստ ռուսաստանցիները զգուշավոր են և իրենց բնակարաններում ստեղծում են մասնավոր կլինիկաներ: Նման պահվածքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ռուսաստանի առողջապահական համակարգի համար», — գրում է գերմանական Stern պարբերականը:

«Ռուսաստանում մինչ այժմ պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսային վարակի 438 դեպք: Կառավարությունը հպարտանում է իր հաջող հակաճգնաժամային կառավարմամբ` նշելով, որ, ի տարբերություն շատ այլ երկրների, Ռուսաստանը ժամանակին փակել է Չինաստանի հետ իր սահմանները: Այնուամենայնիվ, մեծահարուստ ռուսաստանցիներն ակնհայտորեն չեն հավատում, որ համաճարակը կշարունակի շրջանցել Ռուսաստանը և զգուշավորություն են ցուցաբերում: Ըստ The Moscow Times թերթի հետաքննության՝ օլիգարխները ստեղծում են իրենց իսկական մասնավոր կլինիկաները, որտեղ կկարողանան բուժվել վարակվելու դեպքում»:

«Թերթի լրագրողը զրուցել է արհեստական շնչառության սարքեր վաճառող ռուսաստանյան ձեռնարկությունների ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչների հետ, որոնց մեծ մասը պնդում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում առեւտրի ընդհանուր շրջանառության 30% -ը բաժին է հասնում մասնավոր անձանց: Ներկայումս բոլոր ընկերությունները վաճառել են ամբողջ պահեստավորած ապրանքը»:

«Իմ ընկերներից շատերն այսօր էլ փորձում են ձեռք բերել այդ սարքերից»,- ասել է մեծահարուստներից մեկը:

«Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, արդեն հասցրել է նման սարք ձեռք բերել: «Մենք կարողացանք մեկ ապարատ ձեռք բերել և փորձում ենք ևս երկուսը գնել: Սարքն արժե 1,8 միլիոն ռուբլի »,- հայտնել է ընտանիքի անդամներից մեկը:

«Մյուսներն ավելի հեռու են գնում, և ոչ միայն գնում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, այլ նաև վարձում են բժիշկների, ովքեր, անհրաժեշտության դեպքում, կզբաղվեն միայն նրանց բուժմամբ: Moscow Times- ի զրուցակիցը, ով նույնպես ցանկացել է անանուն մնալ, հաստատել է, որ ինքն արդեն կնքել է նման պայմանագիր… պետական ​​հիվանդանոցում գտնվելը նրա համար մղձավանջ կլիներ », — գրում է թերթը:

Ինչպես հայտնել է նյարդավիրաբույժ Ալեքսեյ Կաշչեևը, ինքը ստացել է իրական ստացիոնար ստեղծելու առաջարկ: «Այսինքն, մինչ աղքատները վազում են հնդկաձավարի հետեւից, հարուստներն աշխատում են փրկության տարբերակների վրա», — նշել է նա:

«Եթե հարուստները շարունակեն մեկուսանալ իրենց շքեղության մեջ, ապա նրանց վարքագիծը կարող է հանգեցնել հսկայական խնդիրների Ռուսաստանի առողջապահական համակարգի համար», — գրում է պարբերականը:

«Ռուսաստանի հիվանդանոցները համեմատաբար լավ հագեցած են թոքերի արհեստական օդափոխության սարքերով: Ըստ Headway Group- ի, որը հետեւում է պետական գնումներին, ՌԴ-ում կա 42-43 հազար նման սարք՝ 29 սարք 100 հազար բնակչի համար: Համեմատության համար նշենք, որ Իտալիայում 100. 000 բնակչին բաժին է հասնում ընդամենը 8 արհեստական շնչառության սարք»:

«Սակայն Ռուսաստանի խնդիրն այն է, որ բոլոր սարքերի մոտ 25% -ը տեղակայված են Մոսկվայի և Լենինգրադի շրջանների հարուստ քաղաքային տարածքներում: Մարզերում պատկերը մռայլ է: Օրինակ, Կալուգայի շրջանում 100 հազար բնակչին միայն 5 նման սարք է բաժին հասնում»:

«Մոսկվայի կառավարությունը խոստանում է ավելացնել բյուջեն բժշկական սարքավորումների ձեռքբերման համար: Բայց նույնիսկ եթե գումարը հատկացվի, թոքերի արհեստական օդափոխության սարքերը  դժվար կլինի ձեռք բերել», — ասվում է հրապարակման մեջ:

Աղբյուր՝ Stern

Back to top button
Close