Քո ձայնը

«Մեր 5 միլիոնը ձեր 300 միլիոնին վնաս չէ». Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Արցախի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Մինչ որոշ լրատվականներ իրենց պատվիրատուների հետ զբաղված են  էժանագին պատմություններ հորինելով, հասարակությանը շեղելով՝ դրանից բխող պրիմիտիվ հետևություններ հրամցնելով, Սամվել Բաբայանը այս օրերին շարունակում է վայելել իր ժողովրդի սերն ու ջերմությունը Արցախում, դա է վկայում նրա հանդիպումների ընթացքը։ Այսօր առավոտվանից համացանցում պտտվում է մի պատմություն, ինչպես միշտ անհեղինակ, 5 միլիոն դոլար պարտքի, գործ տվող գործարարի, և մեկ տասնյակի հասնող գործարարների ցուցակի մասին։ Մինչ անցնելը ավելի լուրջ պահանջների, մի խնդրանք տվյալ լրատվականը․ ներկայացնել Սամվել Բաբայանի գրասենյակին այն մեկ տասնյակ գործարարների անուն ազգանունները, ովքեր մեծահոգաբար այս տարիներին սպասել են, և դեռ մեկ տարի էլ պատրաստվում են սպասել այդ պարտքի վերադարձմանը։ Ինչու չէ, մենք էլ շնորհակալ կլինենք նրանց այդչափ մարդկային վերաբերմունքի համար, մի զրկեք մեզ այդ հաճույքից։ Գրասենյակի  հասցեն բոլորիդ հայտնի է։ Եթե կա նմանատիպ խնդիր, ապա դա մենք արագ կլուծենք օրինական հարթակներում, ինչպես անում ենք ցանկացած խնդրի, պարտքի, պահանջի դեպքում։

Հիմա ավելի լուրջ։ Քանի որ վստահաբար համոզված ենք այս պատմության կեղծ լինելու մեջ, հակված ենք նրան, որ սա քաղաքական պատվեր է և նույնիսկ գիտենք, թե որտեղից է փչում այս սուտը։ Այստեղ արդեն էժանագին պատկեր-հետևություն է դառնում, իհարկե  իրենց ուղեղի ներածին չափով, այսինքն դա այն է, որ Սամվել Բաբայանը գալիս է նախագահ դառնա, որ իր 5 միլիոն պարտքը փակի։ Համաձայնեք նույնիսկ ծիծաղելի չէ։ Ծիծաղելի չէ այն դեպքում, երբ այդ պատվիրատուները մոռացել են իրենց 300 միլիոն դոլար պարտքի մասին, որը վերցրել են մասնավոր բանկերից և փակում են սեփական ժողովրդի բարեկեցությունը չապահովելու հաշվին։ Արցախից եկող մանր-մունր չինովնիկական այս ճղճիմ նյութի բովանդակային պատկերը  պարզ է,  ծանոթ է, որովհետև հեղինակը չի փոխվել, ձեռագիրը նույնպես անփոփոխ է մնացել։ Մոտ 20 տարի փորձել են տարբեր ձևերով սևացնել Սամվել Բաբայան մարդու, հերոսի անունը,անցած ուղին, սակայն, երբ հերթը հասել է փաստերով խոսելուն, ամեն մեկը մի ծակ են մտել, իբր թե անտեղյակ լինելով այս ամենից։ Ժամանակն է լրջանալու, այլապես գոտկատեղից ներքև միշտ ցավն ամենաուժեղն է ։ Այս կեղտոտ խաղերի ժամանակն անցել է։ Այն որ որոշ արցախյան շրջանակներ կեղտի մեջ են, դա դեռ չի նշանակում, որ իրենց հասած կեղտի բաժինը պետք է աջ ու ձախ ցփնեն։ Ժամանակը կգա, երբ ժողովուրդը ինքը կհասկանա, թե ուր են գնացել իր սեփական փողերը, այդ ժամանակ փաստերով խոսելու ժամանակ էլ չի լինի։

Խորհուրդ՝ մեր 5 միլիոնը ձեր 300 միլիոնին վնաս չէ։ Մենք մի կերպ էդ 5 միլիոնի հարցը կլուծենք, եթե իհարկե ներկայացնեք այդ մեկ տասնյակի հասնող գործարարների ցանկը, դուք ձեր 300 միլիոնի ճարը տեսեք։ Դուք ոչ թե խրված եք, այլ արդեն թաղված այդ պարտքերի մեջ»։

Ավելին
Back to top button