ՆորություններՔո ձայնը

«Իրավապահներին կոչ ենք անում բացահայտել քրեական հանցագործին». հայտարարություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է հրապարակել. «Հայտարարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ուղղված սպառնալիքի մասին.

2020թ. մարտի 20-ին, առավոտյան ժամը 10։29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տվող 094-04-22-68 հեռախոսահամարին զանգ է ստացվել +79102119294 հեռախոսահամարից։ Տղամարդը, որը զանգահարել է գրասենյակի հեռախոսահամարին, զանգին պատասխանող իրավաբանից համոզվել է, որ ՀՔԱՎ է զանգել, ապա հայերենով ու հայհոյախառն սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, եթե վերջինս շարունակի քննադատաբար արտահայտվել Վ. Պուտինի մասին։

Հեռախոսազանգը որակելով որպես Արթուր Սաքունցի և կազմակերպության հասցեին ուղղված անմիջական սպառնալիք, կազմակերպությունը դիմել է իրավասու մարմիններին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու, +79102119294 հեռախոսահամարից զանգահարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Այս միջադեպը վկայում է, որ որոշ մարդիկ խոսքի և արտահայտման ազատությունը հասկացել են որպես սեփական անզուսպ կրքերը արտահայտելու հնարավորություն և օգտվում են ինչ-ինչ հովանավորչությունից ու անպատիժ մնալու համոզմունք ունեն: ՀՀ իրավապահներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռք առնել և բացահայտել այս քրեական հանցագործին, իսկ վերջինիս ՀՀ քաղաքացի լինելու դեպքում, ջանքեր ներդնել նրան Հայաստան վերադարձնելու և հետագա քննության համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«ԽորանԱրդ» հասարակական կազմակերություն
Հանրային լրագրության ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն:

Հայտարարությունը բաց է միացողների համար, գրեք [email protected] հասցեով»:

Back to top button
Close