Նորություններ

«Երևանը զլացել է չեզոքացնել Արցախում քրեաօլիգարխիայի վերարտադրությունը». Ա. Քանանյան

Արցախում սպասվող ընտրությունների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

Պարոն Քանանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում  ընթացող քաղաքական գործընթացները, ընտրական  քարոզարշավը, ի՞նչ տպավորություն ունեք։

-Հիմնական խնդիրն այն է, որ Արցախում տեղական ընտրությունների համար պաշտոնական Երևանի կողմից խոստացված արդար  և թափանցիկ ընտրությունների նախադրյալներ ստեղծելու խոստումը բոլորովին իրականություն չի դարձել, ուղղակի պաշտոնական Երևանը զլացել է չեզոքացնել Արցախում քրեաօլիգարխիայի վերարտադրությունը, օրինակ՝ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկվել քրեական գործերի հարուցման տեսքով: Անհրաժեշտ  քայլ չի կիրառվել ամենավտանգավոր քրեաօլիգարխիայի ներկայացուցչին՝ «վարչապետ» մականունով հայտնի Արայիկ Հարությունյանի նկատմամբ, և  այսօր այդ անձը, օգտվելով մոտ 2 տարի տևած ապօրինի  և վաղաժամ կեղծ քարոզարշավի արդյունքներից, կաշառում էր, քրեական և տարբեր, այսպես  ասած, ծորակային հեղինակությունների միջոցով փորձում էր համապատասխան ճնշում գործադրել բնակչության վրա: Իր և իր կուսակցության համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովելու համար կաշառում էր, փորձում էր գնել կամ աներևակայելի խոստումներ շռայլել: Այս ամենը եղել է կրկին պաշտոնական Երևանի բաց և հստակ հայացքի առջև և որևէ հակասության չի արժանացել:  Հետևաբար ներկայումս մենք  ունենք մարտնչող քրեական օլիգարխիայի ձգտում, որպեսզի  ամեն գնով Արցախում վերարտադրվեն: Իհարկե բարեբախտաբար արցախյան հասարակությունը  լիովին մեռած չէ այս բացասական գործընթացներին զուգահեռ, նկատվում է որոշ զանգվածի մոտ քաղաքացիական գիտակցության աճ, և  դրա համար  էլ կան որոշակի փոքր հույսեր, որ,  այնուամենայնիվ, հնարավոր կլինի կանխել քրեական օլիգարխիայի վերարտադրությունը, բայց խոսել դասական իմաստով ընտրարշավի կամ ընտրությունների արդարության մասին պարզապես անիմաստ է և ցինիզմի ժանրից: Մենք լուրջ խնդիրներ ունենք, բայց ամեն դեպքում, ինչքան էլ քրեական օլիգարխիան փորձի վերարտադրվել, մեկ  է, քրեական օլիգարխիայի ժամանակներն անցել են:

-Դուք  նշում եք, որ պաշտոնական Երևանը իր խոստումը չի պահել, մատնանշում եք, որ հատկապես քրեաօլիգարխիկ համակարգերի  չեզոքացման հարցում, ինչո՞վ եք  պայմանավորում Երևանի կողմից Ձեր ասած խոստումը չկատարելու  հանգամանքը:

-Այստեղ ես սոսկ ինչ-ինչ վարկածներ կարող եմ թվարկել, վարկածները մնում են վարկածներ, բայց կարևորը՝ գոյություն ունեն: Հայաստանի բարձրագույն իշխանությունների մոտ գոյություն ունեն կեղծ պատկերացումներ, որոշակի անհեթեթ հաշվարկներ, բոլոր այդ պատկերացումներն ու  հաշվարկները բխում են իրողությունները վատ ճանաչելու աններելի հանգամանքից: Այդ հաշվարկների շրջանակում իրենց թվում է, որ Արցախում, այսպես ասած, ոչ սպիտակ, այլ գորշ իշխանության հաստատումը կարող է օգտակար լինել բանակցային գործընթացում՝ Արցախի առանձին բանակցային դերը հիմնավորելու արցախյան իշխանության այլ քաղաքական ծագումնաբանությամբ: Արցախը առանձին քաղաքական միավոր է, ուրեմն պետք է առանձին մասնակցություն ունենա և ունենա տարածքային զիջումների նկատմամբ վերջին «ոչ»-ն ասելու պատասխանատու իրավունք: Սա վարկածներից մեկն է: Այլ վարկածներ ևս կան, ոչ պակաս անհեթեթ: Կեղծ և անվայել հաշվարկների պատճառով մենք ունենք Երևանի կողմից Արցախի ներքին գործընթացների հանդեպ անպատասխանատվության հստակ արտահայտություն, որն ուղղակիորեն հարվածում է ՀՀ ազգային անվտանգությանը և պետական միասնականությանը:

Տարբեր կարծիքներ են հնչում, որ սա Արցախի անկախ պատմության համար առանձնահատուկ ընտրություններ են, իր տեսակով՝ բավական անկանխատեսելի, և այս անգամ իսկապես մարդիկ պիտի կողմնորոշվեն ու գնան իրենց ձայները տան, համակարծի՞ք եք, որ  ցանկացած կարծիք կարևորված է լինելու:

-Բնականաբար, հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանում դասական ասույթի ուժ ստացած «իրավիճակ է փոխվել» արտահայտությունը, կարծում եմ, ազդում է նաև Արցախում, հետևաբար հասկանալի է, որ Արցախում, այնուամենայնիվ, շատ ավելի մեծ հնարավորություններ  կան ընտրությունների նորմալ ընթացքի համար, բայց դա չի նշանակում, որ ընտրություններն ունենալու են բնականոն ընթացք, բայց նախորդ շրջաններին բնորոշ ուղղակի համատարած և այլանդակ ոստիկանական, ԱԱԾ-ական վարչական բռնաճնշումները այս  անգամ ունենալու են շատ  ավելի քողարկված կամ ավելի բարետես  կերպարանք: Ուշադրությունը  հատկապես պետք է հրավիրել երկրորդական բնակավայրերի վրա:

Արցախցիների  մոտ ինչպիսի՞ տրամադրություններ կան, տեսնում ենք, որ քաղաքական ուժերի մոտ աստիճանաբար մրցակցությունը սրվում է, հանրությունն ինչպե՞ս է արձագանքում նախընտրական այս իրավիճակներին:

-Հանրության մի մասը  բավականին անտարբեր է, հասկանալի պատճառներով, ներքին քաղաքական իմաստով, այն ապաքաղաքականացված տարածք է Հայաստանի նախկին իշխանության կառավարման տարիներին, բայց բնականաբար բնակչության զգալի մասը փորձում է հետևել զարգացումներին՝ տեսնում են աճող կրքերը, ապատեղեկատվության տարածումը:

Արդյո՞ք մտավախություն կա, որ ընտրություններն Արցախում կարող են խախտումներով անցնել:

-Խախտումները լինելու են, կարող են լինել զանգվածային: Ես  չեմ կարծում, որ Երևանից եկող դիտորդները ի վիճակի կլինեն լիարժեք կերպով վերահսկելու բոլոր ընտրատեղամասերը: Հարկավոր է ամենատարբեր եղանակներով լուրջ վերահսկողություն հաստատել, որպեսզի լցոնումները, խախտումները բերվեն նվազագույնի: Այս պարագայում մարդկանց քվեն գնել են կամ կանխիկ փողով, կամ հիմարության չափի հասնող անհեթեթ խոստումներով:

Հ.Գ Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը  ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքեց Արայիկ Հարությունյանի անձի շուրջ շրջանառվող խոսակցությունները. «Բոլոր նմանատիպ  հայտարարությունները իրականության հետ որևէ աղերս չունեն. դրանք մեր մրցակից քաղաքական ուժերի կողմից տարվող հակաքարոզչության էլեմենտներ են, որով փորձում են ոչ միայն քաղաքական ուժին կամ թեկնածուին սևացնել, այլ այդպիսի սև քարոզչության միջոցով փորձում են ռեյտինգ ապահովել: Այստեղ մի ուրիշ վտանգավոր բան էլ կա, այսինքն՝ փորձում են ստվերել Արցախում անցկացվող ընտրությունների լեգիտիմությունը: Խոսում են՝ համատարած գումարներ են բաժանվում, կաշառք է  բաժանվում ժողովրդին: Մենք այս դեպքում առաջարկում ենք ժողովրդին՝ նման պոպուլիստական հայտարարությունների փոխարեն գոնե մեկ մարդու օրինակ բերեք ասեք՝ այ այս մարդուն դուք կաշառք  եք տվել: Երբ մենք նրանց հարցնում ենք փաստերի մասին, նրանք միշտ գոռում են: Արայիկ Հարությունյանը  երբեք ընտրություններին օրենքից դուրս գործողություններ  թույլ չի տվել: Մենք ընդդիմադիր քաղաքական ուժի դերում հանդես չենք գալիս: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք շարունակում ենք  սատարել նախագահ Բակո Սահակյանին:

Ինչ վերաբերում է իշխանության վերարտադրմանը, «ցանկացած ընտրություն իր հետ բերում է նոր իշխանություն, և  նախկին իշխանության վերարտադրության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- եզրափակեց Պողոսյանը:

Հարությունյանի մամուլի խոսնակը բառացիորեն հերքեց Արայիկ Հարությունյանի քրեաօլիգարխիկ կապերի մասին:

   Անահիտ Չալիկյան

 

Back to top button