Նորություններ

«Մոռացա՞ն քարոզած արդարարության մասին. մեր նյարդերի հաշվին իրենց հաղթանակների կենացը չխմեն». ծեծված սպայի հարազատները ասելիք ունեն Նիկոլ Փաշինյանին

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռեւս գտնվում է կոմայի մեջ: Առողջական վիճակի մեջ չկա դրական որեւէ տեղաշարժ:

Հարազատներին զայրացրել է այն հանգամանքը, որ Արա Մխիթարյանի գործով այս պահին մեկն է անազատության մեջ: Օրերս մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ արձակվեց: Այս հանգամանքը բողոքի գործողությունների պատճառ դարձավ: Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին, և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Վերաքննիչ դատարանը 1,5 միլիոն գրավի դիմաց որոշում կայացրեց վերջինիս ազատ արձակել:

Սպայի մոր պահանջը արդարադատությունն է:

Մայրը վրդովված է, որդուն ծեծել են մի քանի հոգի, կան վկայություններ, ապացույցներ, սակայն Սոֆիկ Մխիթարյանի խոսքերով՝ գործը կոծկվում է:

Հարազատներին զայրացրել է նաեւ մեկ այլ հանգամանք… Օրերս Վայոց ձորում տեղի ունեցած հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած է եղել նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը: Հիշեցնենք, թեեւ վերջինս հերքում է ծեծկռտուքին իր մասնակցությունը, սակայն կոմայի մեջ գտնվող սպայի հարազատները պնդում են, որ նա եղել է ակտիվ դերակատար: Հերքելով իր առնչությունը միջադեպին՝ Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հրաժարական տվեց: Բայց այսօր ակտիվ մասնակցում է «Այո»-ի քարոզարշավին:

Back to top button
Close