Նորություններ

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետքերով. սպանված կինը 2016-ին կրկին ծեծի է ենթարկվել կասկածյալի կողմից, բայց հաշտվել

Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասներ հայտնեց լրագրողներին: Հիշեցնենք, ծեծի արդյունքում մահացավ 43-ամյա Մարինե Խ.-ն, իսկ նրա 13-ամյա դուստրը մարմնական բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ՝ երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաեւ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հետեւանքով անզգուշությամբ կնոջը մահ պատճառելու համար:

Անզգուշությա՞ն, թե՞ դիտավորյալ սպանության հետ գործ ունենք: Հարուցված քրեական գործի վերաբերյալ քննադատություններին ծանոթ է դատախազը, շտապում է հայտարարել՝ փորձաքննություններից հետո չի բացառվում, որ վերանայեն հոդվածները:

Եթե պարզվի, որ անձը մշտապես է ծեծի ենթարկել կնոջը, կդիտարկեն նաեւ խոշտանգման հանգամանքը: Մեկ նման տվյալ կա: 2016-ին է տուժողին կասկածյալը կրկին ծեծի ենթարկել՝ առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս:

Մարինե Խ.-ն դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, հետո կողմերը հաշտվել են, իսկ գործը՝ կարճվել:

Հիշեցնենք, 28-ամյա կասկածյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, հրաժարվում է նաեւ ցուցմունք տալ: Պարզ չէ նաեւ, թե կա արդյոք թմրանյութերի ազդեցություն: Պարզվում է՝ հրաժարվում է արյան նմուշ հանձնել:

Դատախազը նշեց, դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 2-ի սահմաներում: Նախ ծեծի է ենթարկվել կինը, աղջիկը փորձել է միջամտել, պաշտպանել մորը, հետո աղջկան է ծեծել, նախնական տվյալներով բռունցքներով. որեւէ առարկայի վրա չեն հայտնաբերվել արյան հետքեր:

Հարցադրմանը, թե եղե՞լ է սեռական բռնություն աղջկա նկատմամբ, դատախազն ասաց՝  նման տվյալներ չկան:

Կասկածյալը հաշվառված է նաեւ հոգեկան առողջության կենտրոնում: 4 անգամ դատապարտված է եղել եւ ճանաչվել է մեղսունակ: Երկու անգամ քրեական գործ է հարուցվել եւ կարճվել: Այս դեպքում եւս դատահոգեբանական փորձաքննություն են իրականացնելու:

Այս գործով հարցաքննվել են կասկածյալի ծնողները, կհարցաքննվեն թաղամասում հարեւանությամբ ապրողները, դպրոցի մանկավարժները: Երեխայի հետ կաշխատեն հոգեբաններ։

 

Back to top button
Close