«Մենք թուրքերին կարող ենք խոցել, ցավացնել նոր հողեր վերցնելով»

«Ես միշտ թուրքերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի ինչ-որ հայտարարությունը՝ Հայաստանի հետ կապված, հասկանում եմ այսպես. հայե՛ր, պատրաստվեք, պատրաստվեք, որպեսզի չցեղասպանվեք, պատրաստվեք, որ կարողանաք ասել՝ այլևս երբեք, ու այդպես էլ լինի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հայտարարությանը:
Ըստ Վովա Վարդանովի՝ պետք է չմոռանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը:
«Պետք չէ մոռանալ, որ իրենք չեն կարող մեզ հրահանգել, մենք անկախ երկիր ենք, և իրենք ընդամենը միջնորդ են: Իրենք մեր լիդերը չեն, ղեկավարը չեն, Մինսկի խումբը միջնորդող խումբ է»,- հավելեց հրամանատարը:
Անդրադառնալով նաև մոտ ապագայում Փաշինյան — Ալիև սպասվող հանդիպմանը՝ Վովա Վարդանովը շեշտեց, որ բանակցություններին դրական է տրամադրված, սակայն այն պետք է լինի ինչ-որ շրջանակների մեջ:
«Ես եթե դեմ չէի բանակցություններին այն ժամանակ, երբ Քոչարյանն էր, Սերժն էր, ինչի՞ պիտի հիմա դեմ լինեմ… Անսպասելի շփումներ պիտի չլինեն, որ մենք գոնե իմանանք՝ ինչի մասին է խոսք գնում, գոնե իմանանք՝ կարողանո՞ւմ է Նիկոլը իր դերը կատարի, թե՞ չէ, եթե լավ չի ստացվում, գնանք թև-թիկունք կանգնենք»: