ՆորություններՏնտեսական

«Ռուսական ռուբլու փոխարժեքը վատ է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա. դա ուղիղ հարված է տնտեսությանը». Ա.Գրիգորյան

Նավթի գների անկմանը զուգահեռ շարունակվում է նվազել ռուսական ռուբլու փոխարժեքը։ Ինչպիսի՞ անդրադարձ կունենա նավթի գնի ու ռուբլու անկումը Հայաստանի տնտեսության վրա. այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

«Ռուսական ռուբլու փոխարժեքը վատ է անդրադառնալու  Հայաստանի տնտեսության վրա. դա ուղիղ հարված է տնտեսությանը: Ռուբլու փոխարժեքի անկումը շատ մեծ հարված է հատկապես   Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների համար, որովհետև աշխատավարձը վճարվում է ռուսական ռուբլիով: Ինչ վերաբերում է նավթի գնի անկմանը, ապա ասեմ, որ միջազգային բորսաներում  ցանկացած տեսակի ապրանքների գների կտրուկ փոփոխությունները վատ են անդրադառնում տնտեսությունների վրա, որովհետև տնտեսությունները կայունություն են սիրում։ Հայաստանի պարագայում ի՞նչն է ուշագրավը. մենք նավթ արդյունահանող երկիր չենք, բայց սպառող ենք: Երբ սպառող, այդտեղ արդեն մրցակցության խնդիր կա, բայց նավթի գնանկումը Հայաստանի  տնտեսության վրա անուղղակի ազդեցություն է թողնում: Ռուսաստանը որպես նավթ, գազ արտահանող երկիր, կարելի է  ասել, որ ռուբլու անկումը և նավթի գնանկումը փոխկապակցված են: Տվյալ դեպքում մեր երկրի համար  շատ կարևոր է, որ նավթամթերքի, դիզվառելիքի գնանկումը օգտակար կլինի հենց գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսական ռուբլու փոխարժեքի անկմանը:

Արմեն Գրիգորյանի կարծիքով Հայաստանը պատրաստ չէ դիմակայելու ճգնաժամերին, մատնանշում է՝ առողջապահական համակարգից սկսած մինչև այլ ոլորտներ:

Հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա, և  արդյոք կա համաշխարհային ճգնաժամի վտանգ, տնտեսագետը  պատասխանեց. «Ցանկացած  երկիր եթե իր գործընկեր, հարևան պետության հետ սահմանը  փակում է, դա վատ է անդրադառնում երկրի տնտեսության վրա։ Մենք առողջապահական, ժողովրդագրական միջոցառումների մասին չենք խոսում: Հայաստանը, որ ունի ընդամենը 2 հարևան, որոնց հետ  գործարքների մեջ է, արդեն մեկի  հետ սահմանը փակել ենք, իսկ  Իրանի հետ մենք առևտրային շրջանառություն ունենք: Արտահանման գծով խնդիր չունենք, որովհետև հիմնականում արտահանվածը 90%-ով էլեկտրաէներգիա է»:

Տնտեսագետի կարծիքով կորոնավիրուսի հետևանքը համաշխարհային տնտեսության վրա մեծ է լինելու. «Ryanair-ի մասին շատ խոսվեց, որ  իրականացնում է  Երևան-Միլան չվերթը, բայց այսօր դադարեցված են աշխատանքները, 44 միջազգային փոխադրող ընկերություն  Չինաստանի  հետ է դադարեցրել հաղորդակցությունը:  Սա նշանակում է, որ խնդիրներ են ստեղծվելու ապրանքային, առևտրային շրջանառության, մարդկային հոսքերի տեղաշարժի համար, և այս ամենը ուղղակի  կամ անուղղակի  ազդեցություն է  ունենալու համաշխարհային տնտեսության վրա: Համաշխարհային ճգնաժամ, կարծում եմ, այնուամենայնիվ կա»,- եզրափակեց Գրիգորյանը:

 

                                                                          Անահիտ Չալիկյան

 

Back to top button