Նորություններ

Գյումրիում սպանված 43-ամյա կնոջ մարմինը հողին հանձնեցին. ո՞վ կդառնա երկկողմանի ծնողազուրկ դարձած աղջկա խնամակալ

Գյումրիում այսօր հուղարկավորեցին մարտի 5-ին դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կնոջը: Համապատասխան մարմինները երկար են քննարկել՝ որտե՞ղ ամփոփել կնոջ մարմինը: Եղբայրը, ով բնակվում է արտերկրում, տվել է թույլտվություն քրոջը հուղարկավորել ընտանեկան գերեզմանատանը՝ «Շիրակում», ծնողների կողքին:

43-ամյա կնոջ հարազատներից որևէ մեկը, սակայն, չմասնակցեց հուղարկավորության արարողությանը: Ներկա չէր նաև 18-ամյա որդին: Նման դեպքերում համայնքապետարանն է ստանձնում կազմակերպչական աշխատանքները:

Հուղարկավորության արարողությանը մասնակցեցին տեղական և մարզային իշխանությունները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը և այլ քաղաքացիներ:

Սգո արարողակարգը կատարեց քահանան:

Զավակները՝ 18-ը չբոլորած տղան և 13-ամյա Նազելին, դարձան երկկողմանի ծնողազուրկներ: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հաշվառվել են: Քննարկվել է նրանց խնամակալ նշանակելու հարցը: Կա քաղաքացի, ով արդեն իսկ Նազելիին խնամակալ դառնալու խնդրանքով դիմել է Գյումրիի քաղաքապետարան: Սակայն այդ խնդրին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը կանդրադառնա ավելի ուշ:

Մինչ այդ երեխայի շահերի պաշտպան հանդես է գալիս խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Աղջկա հարազատներից որևէ մեկը ցանկություն չի հայտնել դառնալ նրա խնամակալ: Չի բացառվում, որ եղբայրը 18 տարին լրանալուն պես դառնա Նազելիի խնամակալը, սակայն եղբոր հետ դեռևս թեմայի վերաբերյալ զրույց չի եղել, ասաց Էդուարդ Բաղրամյանը:

Կսպասեն աղջիկն ապաքինվի, միգուցե նա ունի մտքում մեկին, ում կցանկանա տեսնել որպես իրեն խնամակալ:

Back to top button
Close