Նորություններ

«Հարկային բեռի ավելացումը, անկասկած, ժողովրդի համար թանկացման կհանգեցնի որոշակի չափով». Հովիկ Աղազարյան

ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում անդրադառնալով կառավարության կողմից ընդունված հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին և դրա հետևանքով գրավատների և փոխանակման կետերի համար պետական տուրքի 60 անգամ ավելանալուն, ընդգծեց.

«Մինչ այդ գրավատների համար 100.000 դրամ պետական տուրքը շատ քիչ էր, իհարկե 60 անգամ ավելացումը կբերի որոշակի խնդիրների, հնարավոր է, որ որոշ կազմակերպություններ չդիմանան և փակվեն, բայց փաստը մնում է փաստ, որ մինչ այժմ տնտեսական համակարգը մեր երկրում եղել է ոչ արդար և ոչ հավասար բոլորի համար»:

Մեր դիտարկմանը, թե որքանով է արդարացված միանգամից 60 անգամ ավելացումը, Աղազարյանը նշեց. «Եթե առաջարկել են 60 անգամ ավելացում, ուրեմն ինչ-որ հաշվարկների հիման վրա է արվել, այնուհանդերձ, մենք հանձնաժողովում կքննարկենք, կտեսնեք՝ որքանով է արդարացված»:

Անդրադառնալով գազավորված ըմպելիքների շուկայի շահառուների դժգոհություններին՝ Աղազարյանը նշեց, որ հնարավոր է ոլորտում մի փոքր թանկացում, բայց շահառուների այն մտավախություններին, թե հնարավոր է իրենց գործարանները փակվեն, Աղազարյանն արձագանքեց, որ գործարանների փակման վտանգ չի լինի.

«Իրենց եկամուտները կնվազեն, որոշները պետք է ավելի հստակ իրականացնեն իրենց տնտեսական քաղաքականությունը, էֆեկտիվությունը բարձրացնեն»:

Մեր հարցին, թե տարբեր ոլորտներում հարկային բեռի ավելացումն արդյոք չի հանգեցնի թանկացման սպառողների համար, Աղազարյանն արձագանքեց. «Անկասկած, ժողովրդի համար թանկացման կհանգեցնի, որոշակի չափով, բայց պետական բյուջե մուտքագրված գումարները կուղղվեն սոցիալապես անապահով խավին օժանդակելուն»:

Անդրադառնալով եկամտահարկի համահարթեցմանը՝ նշեց, որ սոցիալական արդարության խնդիր չկա, տոկոսադրույքը նույնն է բոլորի համար.

Այնուամենայնիվ, Աղազարյանը կարծում է, որ գործող համակարգը ճիշտ համակարգ է, բայց այսօրվա իրավիճակը թելադրում է ներդրվող ժամանակավոր լուծում:

Back to top button