Նորություններ

«Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում. իրենք պիտի թույլ տան, որպեսզի մենք մանրամասներ հայտնենք իրենց առողջական վիճակի վերաբերյալ»

«Ռոբերտ Քոչարյանը ճնշման բարձր տատանում է ունեցել, որի արդյունքում ինքնազգացողությունը վատթարացել է. դա մարտի 7-ի գիշերն է տեղի ունեցել: Սկզբում տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, իսկ առավոտյան արդեն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Այս պահին բժիշկների հսկողության տակ է գտնվում և համապատասխան բուժում է ստանում ստացիոնար բաժանմունքում, բայց նշեմ, որ այս պահին ավելի լավ է ինքնազգացողությունը, կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Խնդիրը արյան ճնշման հետ էր կապված: Իսկ հետագա բուժումը ստացիոնարում է տեղի ունենալու, թե ոչ՝ չգիտեմ»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ըստ էության, բուժումը ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը քրեակատարողական հիմնարկի որոշումն է, որը ինձ հետ, հարազատների կամ փաստաբանների հետ կապ չունի: Ինչու են տեղափոխել «Նաիրի» ԲԿ՝ չեմ կարող ասել»,- շարունակեց Սողոմոնյանը:

Նա հավելեց, որ նոր մանրամասներ չգիտի, ինքը ևս միջնորդավորված ձևով է ինֆորմացիա ստանում:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Քոչարյանի առողջական վիճակի մասին ոչինչ չի կարող ասել, որովհետև անձնական կյանքին վերաբերող գաղտնիք է պարունակում:

«Ճիշտն ասած՝ դա բժշկական գաղտնիք է, և կլինի դա Ռոբերտ Քոչարյանը, թե այլ ՀՀ քաղաքացի, ես իրավունք չունեմ մանրամասներ ներկայացնել պացիենտի առողջության վերաբերյալ, բժշկական էթիկան դա է պահանջում: Ես կարող եմ միայն մի բան փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում ՝ հետազոտման և բուժման նպատակով: Իրենք պիտի թույլ տան, որպեսզի մենք մանրամասներ հայտնենք իրենց առողջական վիճակի վերաբերյալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելը, առողջական վիճակի փոփոխությունները, դատական գործընթացի ձգձգումներն ինչպիսի՞ անդրադարձ կունենան Մարտի 1-ի գործով դատաքննության վրա: Հարցին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Որքանով հասկանում եմ, մարդն ունի հիվանդություն, այդ իսկ պատճառով ունի բժշկական միջամտության կարիք: Կարծում եմ՝ դա նորմալ է: Ձերբակալված մարդիկ, եթե ունեն բժշկական միջամտություն պահանջող խնդիր, պիտի ստանան բժշկական աջակցություն:

Մարդը երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ և կարող է հիվանդանալ: Կասկածներին անդրադառնալ ես չեմ կարող: Քանի դեռ հիվանդ է, պիտի ստանա բժշկական օգնություն և բարձրակարգ, չեմ կարծում, որ դա դատական պրոցեսի վրա կարող է բացասաբար ազդել»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մարտի 7-ի երեկոյան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ «Էրեբունի» ԲԿ: Քոչարյանը հերթական բուժզննումն անցել էր անցած տարվա հոկտեմբերին «Իզմիրլյան» կենտրոնում: Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

Անահիտ Չալիկյան

Back to top button