Նորություններ

Ողբերգական դեպք Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս 38-ամյա և 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, փրկարար-հոգեբաններ, Երևանի 1-03 շտապօգնության մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքեր իրականացնող խումբը:

Փրկարարները մոտ 2 ժամ աշխատեցին, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները և բժիշկները արձանագրեցին նրանց մահերը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանների աշխատանքը ղեկավարում է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Շմավոնյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն էր և 52-ամյա Գարիկ Մ.-ն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button