Նորություններ

Ես հաստատ պնդում եմ, որ զենքը ստացել ենք ծառայության վայրում, որքանով հիշում եմ՝ Օպերայում են բաժանել․ Մարտի 1-ի գործով վկա. 1in.am

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով վկա Գագիկ Քոչինյանի լրացուցիչ հարցաքննությունը։

 

Հարց- Նախկինում՝ սույն քրեական գործի շրջանակներում, Դուք հարցաքննվել եք։ Մասնավորապես, որպես վկա, առաջին անգամ ցուցմունքներ եք տվել 2008թ․ հունիսի 26-ին, որում նշել եք հանգամանքներ իրականացրած ծառայության վայրերի, տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաեւ Ձեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ։ Եվս մեկ անգամ Ձեզ առաջարկում եմ հայտնել՝ հիշյալ ցուցմունքով ներկայացված հանգամանքները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, ցուցմունքները ճի՞շտ են, թե՞ ոչ, եւ ի՞նչ ունեք ավելացնելու։

Պատասխան- 2006թ․ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսից մինչեւ 2009թ․ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսը ծառայել եմ ՀՀ ՈԶ 1001 զորամասում, սակայն գործուղված եմ եղել 1032 զորամաս՝ սկզբում որպես գրոհային դասակի հրաձիգ, իսկ 2008թ․ սկզբից՝ որպես առաջին հետախուզական դասակի ավագ հետախույզ։ 2009թ․ լրացել է պայմանագրի ժամկետը, եւ ես ազատվել եմ ծառայությունից։ 2016 թվականից մինչ օրս ծառայում եմ ոստիկանության զորքերի 1031 զորամասում՝ որպես դասակի հրամանատար, զորամասը գտնվում է Երեւան քաղաքի 1-ին մաս կոչվող թաղամասում։

Ձեր կողմից նշված օրը՝ 2008թ․ հունիսի 26-ին,  ՀՀ գլխավոր դատախազության շենքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից <իբր» հարցաքննվել եմ, իսկ ինչու <իբր>, քանի որ հարցաքննության ժամանակ քննիչը եւ մեր հրամանատար Բագրատ Խաչատրյանը երկուսով քննարկում էին, թե ինչ պետք է գրվի, իսկ քննիչը համակարգչով արձանագրում էր։ Քննիչի անուն- ազգանունը  եւ արտաքին տվյալները չեմ հիշում։ Հիշում եմ, որ հարցաքննության արձանագրությունը վերջում տվեցին, որ ստորագրեմ, բայց չեմ էլ կարդացել, թե ինչ է գրված։ Այդ հարցաքննության ժամանակ ես ընդամենը ներկայացրել եմ, թե Երեւան քաղաքի որ հատվածներում ենք մարտի 1-ին եւ 2-ին ծառայություն իրականացրել, երեւի քննիչը արձանագրել է իմ հայտնածը։ Քննիչը եւ Բագրատ Խաչատրյանը քննարկում էին ինչպես գրել, թե ինչ պետք է գրվի, քննիչը արձանագրում էր համակարգչով, իսկ ես վերջում ստորագրեցի արձանագրությունն առանց կարդալու։

Իրականությունը կայանում է հետեւյալում․

Միանգամից ասեմ, որ 2008թ․ մարտի 1-ին ծառայության վայր մեկնելուց առաջ ես անձամբ մարտական փամփուշտներ եւ ինքնաձիգ չեմ ստացել, հետագայում ծառայության վայր, եթե չեմ սխալվում օպերա են բերել ինքնաձիգեր եւ արկղով փամփշտատուփեր, որոնք լիցքավորված են եղել ուսումնական, անգնդակ փամփուշտներով՝ ընդհանուր 60 հատ։ 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատը ունեցել է շուրջ 50 ծառայողներ, ջոկատի հրամանատարն էր Բագրատ Խաչատրյանը, ջոկատի հրամանատարի տեղակալներն էին Արմեն Հայրապետյանը եւ Մաթոս Դավրանյանը։ Դասակի հրամանատարներն էին Ղազարյան Զորոն, Հովհաննես Մխիթարյանը, Արթուր Մարտիրոսյանը, սակայն չեմ հիշում, թե իմ դասակի հրամանատարն ով էր այդ ժամանակ։ ՀՀ ՈԶ 1032 զորամասի հրամանատարն էր Մկրտչյանը, որը «Թայֆուն» մականունն ուներ։ ՀՀ ՈԶ հրամանատարն էր Գրիգոր Գրիգորյանը, իսկ զորքերի շտաբի պետը՝ Գեղամ Պետրոսյանը։

Նշեմ, որ ծառայության ընթացքում կրել ենք կապույտ գույնի ոստիկանական համազգեստ։ Մեր ջոկատի կազմում ընդգրկված են եղել հիմնականում ֆիզիկապես ուժեղ սպորտսմեն տղաներ։ Սկզբում եկել ենք Օպերա, որտեղից 15-20 հոգով գնացել ենք քաղաքապետարանի դիմաց, շղթա ենք կազմել, այնտեղ մնացել ենք մոտ 2 ժամ եւ կրկին վերադարձել Օպերա, որտեղ մնացել ենք մինչեւ երեկո։ Այնուհետեւ՝ ժամը 20։00-ի սահմաններում, երբ արդեն մութն ընկել էր, եկել ենք Ձկան խանութի մոտ։ Փակ շուկայի մոտից գնացել ենք ռուսական դեսպանատան մոտ, այնտեղ քաղաքացիների կողմից վառվող շշեր եւ քարեր էին նետում ոստիկանության զորքերի վրա, զինվորները չէին կարողանում նահանջել, ուստի մենք սկսել ենք օդ կրակել անգնդակ փամփուշտներով, կազմակերպել ենք զինվորների նահանջը։ Ես կոնկրետ չեմ հիշում, թե քանի հատ եմ կրակել, բայց հաստատ շատ չեմ կրակել, մի քանի հատ օդ եմ կրակել, որպեսզի մարդիկ առաջ չգային։

Մենք մեր ծառայությունն  իրականացնում էինք հիմնականում 1032 զորամասում, արտաքին ծառայություն չենք իրականացրել, միայն մարտի 1-ի դեպքերի օրերին է եղել, որ հատուկ հանձնարարությամբ դուրս ենք եկել ծառայության։  Ջոկատում ունեցել ենք դիպուկահար Եվգենի Կաչակին, ում դիմում էինք Ժենյա անունով։ Այլ դիպուկահար չենք ունեցել։ Ժենյան օգտագործում էր ՍՎԴ տեսակի զենք։ Ես չգիտեմ, թե մարտի 1-ին Ժենյան ինչ զենքով է եղել, հավանաբար՝ ՍՎԴ-ով, մենք ունեցել ենք նաեւ հատուկ միջոցներ՝ գազային բալոն, մահակ եւ վահան, ես անձամբ կրել եմ դրանք։ Երբ եկել եմ քաղաքապետարանի դիմաց, դրանցով զինված եմ եղել։ Մենք հիմնականում գտնվում էինք վահաններով եւ մահակներով շարված ոստիկանների հետնամասում։ Մեզ տրամադրված զենքը եղել է «ԱԿՍՈՒ» տեսակի, հիշում եմ, որ պոչը ծալվող էր։

Մարտի 1-ին մեր ջոկատի կողմից կատարված բոլոր գործողությունների հրամանները դասակի հրամանատարներին տվել է ջոկատի հրամանատարը՝ Բագրատ Խաչատրյանը, իսկ դասակի հրամանատարները՝ մեզ։ Համազգեստների թեւերին «Ոստիկանության զորքեր> գրառմամբ եւ արծիվի պատկերով տարբերանշան է ամրացված եղել։ Մարտի 1-ին կրել ենք նաեւ պաշտպանիչ ժիլետներ՝ մոխրագույն եւ սեւ գույնի։ Այդ օրը որեւէ ծառայող սեւ գույնի համազգեստ չի կրել, մենք չենք էլ ունեցել սեւ գույնի համազգեստ։

Մարտի 1-ին՝ երեկոյան եւ լույս 2-ի գիշերը հիմնականում գտնվել ենք «Ձկան խանութի» հատվածում, որտեղից  էլ նահանջել ենք  դեպի Պարոնյան, ապա՝ Լեո փողոց եւ մնացել ենք մինչեւ ժամը 6-ից 7-ի սահմանները, հետո վերադարձել ենք զորամաս։

Ինչ վերաբերում է իմ կողմից կատարված կրակոցներին, ապա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դրանք մարտական փամփուշտներ չեն եղել, այլ եղել են ուսումնական անգնդակ փամփուշտներ։ Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ օդ կրակել, սակայն հաստատ շատ անգամ չէր, մի քանի անգամ ընդամենը, որպեսզի ոստիկանության զինվորները կարողանային դուրս գալ շրջափակումից եւ նահանջել։ Մեր ջոկատի տղաները եւս նույն փամփուշտներով օդ են կրակել՝ կրկին նույն նպատակով, սակայն չեմ հիշում, թե կոնկրետ ովքեր, դե ովքեր որ այդտեղ գտնվել են։ Նշեմ, որ Լեո փողոցի հատվածում նկատել եմ նաեւ զինվորականի համազգեստով անձանց, որոնք ուղղակի շրջում էին, քայլում էին։

Ցանկանում եմ կրկին շեշտել, որ այդ օրը ես որեւէ մարտական փամփուշտ չեմ ստացել, առավել եւս՝ չեմ կրակել, իսկ ինձ մոտ մնացած անգնդակ փամփուշտները հետ եմ հանձնել զորամաս։ Իմ կողմից այլ գործողություններ չեն կատարվել ծառայության վայրում։

Հարց- Նախկին ցուցմունքով հայտնել եք, որ 2008թ․ մարտի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, հրաման եք ստացել մեկնել Մաշտոցի պողոտա եւ տեղակայվել շուկայի մոտ, գնացել եք նշված վայր, սակայն որոշ ժամանակ անց նոր հրաման եք ստացել վերադառնալ զորամաս՝ ինքնաձիգերով զինվելու նպատակով։ Վերադարձել եք զորամաս, որտեղ ստացել եք Ձեզ ամրացված զենքերը, կոնկրետ Դուք ստացել եք Ձեզ ամրակցված «ԱԿՍՈՒ» տեսակի 5,45 տրամաչափի 251123 տեսակի համարի ինքնաձիգ եւ երեք պահունակ լուսարձակող փամփուշտ, այսինքն՝ 90 հատ փամփուշտ։ Իսկ այժմ նշում եք, որ հետագայում ծառայության վայր՝ Օպերա են բերել ինքնաձիգեր եւ արկղով փամփշտատուփեր։ Ո՞րն է իրականությունը, իրականում որտե՞ղ եք ստացել զենքերը եւ փամփուշտները։

Պատասխան- Ես արդեն նշեցի, որ 2008թ․ տված ցուցմունքիս բովանդակությունը որոշում էին քննիչը եւ Բագրատ Խաչատրյանը, ուստի հանգամանքներ կան, որ իմ ասածով չեն արձանագրվել։ Ես հաստատ պնդում եմ, որ զենքը ստացել ենք ծառայության վայրում, ես որքանով հիշում եմ՝ Օպերայում են բաժանել, միգուցե այլ վայրում էլ բաժանած լինեն, ժամն էլ կոնկրետ չեմ հիշում, բայց այն, որ իբր գնացել, զորամասից ենք ստացել՝ չի համապատասխանում իրականությանը։ Մեզ բաժանել են ինքնաձիգեր եւ անգնդակ փամփուշտներ։

Հարց- Հայտնեք խնդրեմ, Ռուսական դեսպանատան մոտ քանի՞ անգամ եք կրակել եւ քանի՞ փամփուշտ եք վերադարձրել։

Պատասխան- Կոնկրետ չեմ կարող ասել, թե քանի անգամ, բայց քիչ եմ կրակել, երեւի մի քանի անգամ, իսկ մնացած փամփուշտները վերադարձրել եմ։ Վերադարձրած փամփուշտները շատ էին, հաստատ մի մագազինից շատ էին։

Հարց- Նախկին ցուցմունքով հայտնել եք, որ դեպքերի ժամանակ կրակել եք Ձեր ստացած երեք պահունակ 90 հատ փամփուշտներից 87 հատը։ Զորամաս վերադառնալուց հետո հետ եք հանձնել պահունակներից մեկի մեջ մնացած 3 հատ փամփուշտը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Նախկին ցուցմունքս իրականությանը չի համապատասխանում, արդեն ասացի, թե ինչու։ Ես հաստատ 3 փամփուշտ չեմ հանձնել, այլ շատ եմ հանձնել։ Դե երեւի տենց էր պետք գրվի, քննիչը տենց է գրել։ Իմ հիշելով մեզ ոչ թե 3, այլ 2 մագազին փամփուշտ են տվել, որը լիցքավորված է եղել անգնդակ փամփուշտներով, եւ ես վերադարձրել եմ մեկ մագազինից ավելի փամփուշտներ, մեկ մագազինում 30 փամփուշտ է, եւ ես 30-ից ավել փամփուշտ եմ վերադարձրել։

Հարց- Նախկին ցուցմունքում հայտնել եք, որ մինչեւ արտաքին ծառայության մեկնելը ստացել եք 90 հատ լուսարձակող մարտական փամփուշտներ, իսկ ծառայության ավարտից հետո հետ եք հանձնել 3 հատ փամփուշտ, այսինքն՝ կրակել եւ օգտագործել եք 87 հատ փամփուշտ։ Այնուհետեւ, 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, Ձեր կողմից փամփուշտների կիրառելու վերաբերյալ, համապատասխան ծառայողական քննության ընթացքում, ձեռագիր զեկուցագիր եք ներկայացրել ՀՆՋ հրամանատար Բագրատ Խաչատրյանին այն մասին, որ օգտագործել եք 87 փամփուշտ, վերադարձրել եք 3 հատ փամփուշտ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Պատասխան- Անկեղծ ասած, ծառայողական քննություն չի անցկացվել, իմ հիշելով՝ այդ զեկուցագիրը հենց քննիչի մոտ եմ գրել՝ կա՛մ քննիչի, կա՛մ էլ Բագրատ Խաչատրյանի թելադրածով, ցուցմունք տալուց հետո։

Նշեմ, որ իմ ցուցմունք տալու օրը ՀՀ գլխավոր դատախազություն էին եկել նաեւ հատուկ ջոկատից ծառայակիցներ, երեւի 2 հոգի, Բագրատ Խաչատրյանի ուղեկցությամբ,  սակայն չեմ կարող ասել, թե կոնկրետ ովքեր։  Դատախազության վերեւի հարկերում աշխատում էին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները։ Իմ հարցաքննությանը ներկա է գտնվել Բագրատ Խաչատրյանը, վերջինս ինձ հարցաքննող քննիչի հետ որոշել են իմ ցուցմունքի բովանդակությունը, եւ քննիչն արձանագրել է։ Բագրատ Խաչատրյանը եկել էր նրա համար, որպեսզի ինձ ուղղություն ցույց տար ցուցմունք տալու ժամանակ։ Ես եւ քննիչը համարյա չենք էլ խոսել, այնպիսի տպավորություն էր, որ արդեն ամեն ինչ որոշված է, թե իմ ցուցմունքում ինչ պետք է գրվի, կարելի է ասել, որ հարցաքննության ժամանակ սկի հարցեր ինձ չի տրվել։

Քննիչի կաբինետը կոնկրետ չեմ հիշում, թե որ հարկում էր, բայց վերեւի հարկերում էր, չեմ հիշում, թե որ կողմն էր, քննիչը ջահել տղա էր, որ տեսնեմ՝ նույնիսկ չեմ էլ ճանաչի։ Իմ հիշելով՝ զեկուցագիրը կա՛մ քննիչը, կա՛մ Բագրատ Խաչատրյանը թելադրել են, եւ ես ձեռագիր գրել եմ ցուցմունք տալուց հետո։ Զեկուցագրի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, բայց ես որեւէ հարց չեմ տվել, քանի որ շատ փոքր մարդ էի այդտեղ եւ հասկացել էի, որ ամեն ինչ արդեն որոշված է, եւ քանի որ ղեկավարն էլ ներկա էր, մտածեցի, որ տենց ա ճիշտ։ Քննիչը տպեց արձանագրությունը, ես չեմ էլ կարդացել, ստորագրել եմ առանց կարդալու։ Դե կարդալու կարիք էլ չկար, քանի որ արդեն պարզ էր, որ քննիչն ու Բագրատ Խաչատրյանը  ոնց որոշել են, տենց էլ արձանագրվել է։ Այսինքն՝ քննիչն ու Բագրատ Խաչատրյանը քննարկում էին, թե ոնց ճիշտ կլինի գրեն ցուցմունքը։ Ինձ հարցաքննության ժամանակ հարցեր չեն տրվել, եւ միայն ստորագրողի դերում էին փաստորեն։

Հարցաքննությունը, որը հարցաքննություն կոչել դժվար է, տեւել է երեւի 1 ժամ։ Ես մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչու ինձ թելադրեցին, որ գրեմ, թե իբր 87 հատ փամփուշտ եմ կրակել, գրել եմ այդպես, քանի որ վերադասն ու քննիչն են այդպես նպատակահարմար գտել։ Ես կարծել եմ, որ երեւէ խնդիր չկա, եւ դրա նպատակի մասին որեւէ տեղեկություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ։

Հարց- Դուք նշեցիք, որ հարցաքննությունը տեւել է մոտ 1 ժամ, մինչդեռ քննությամբ պարզվել է, որ այն տեւել է 2 ժամ 15 րոպե։ Ավելին, հարցաքննության արձանագրությունում ստորագրել եք բոլոր էջերի տակ, Ձեր իրավունքների, պարտականությունների հատվածում, իսկ վերջում ձեռագիր արձանագրել եք․ «Ցուցմունքս կարդացի, արձանագրված է ճիշտ, իմ խոսքերից, որի համար ստորագրում եմ», ապա ստորագրել եք ու գրել Ձեր ազգանունը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Ես քննիչի մոտ 2 ժամ 15 րոպե հաստատ չեմ եղել, ամբողջ գործընթացը տեւել է մոտ 1 ժամ, քննիչը ցույց է տվել, թե որտեղ պետք է ստորագրեմ՝ ստորագրել եմ առանց կարդալու, հետո գրել վերը նշված նախադասությունը, որովհետեւ քննիչի կամ Բագրատ Խաչատրյանի թելադրանքով գրել եմ զեկուցագիրը։

Հարց- Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայրից հայտնաբերված եւ առգրավված փամփուշտների, ինչպես նաեւ փորձաքննությանը ներկայացված ինքնաձիգերի հետազոտությամբ հայտանբերվել է համընկնում պարկուճների եւ Ձեր ինքնաձիգի միջեւ, այսինքն՝ պարզվել է, որ հայտնաբերված պարկուճներից 72-ը կրակվել են Ձեր ինքաձիգից։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Պատասխան- Նման բան հնարավոր չէ, ես ընդամենը մի քանի հատ եմ կրակել, ես չգիտեմ, թե ինչու է փորձագետը տենց բան գրել, կամ այդ ինչ փամփուշտների մասին է խոսքը։ Ես կրակել եմ մի քանի անգամ, այն էլ անգնդակ փամփուշտներ, ինձ մարտական փամփուշտներ չեն տրվել։

Հարց- Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ Ձեր նախկին ցուցմունքում նշել եք, որ ծառայությունից վերադառնալուց հետո զորամասում հանձնել եք Ձեզ մոտ մնացած 3 հատ փամփուշտ եւ հստակ նշել եք, որ այդ օրը կրակել եք 87 հատ փամփուշտ։ Հնարավո՞ր է, արդյոք, որ նախկինում հայտնել եք իրականությունը, իսկ ներկայումս խուսափում եք դա հաստատելուց՝ նպատակ ունենալով խուսափել որոշակի հետեւանքներից։

Պատասխան- Ես պնդում եմ, որ նախկին ցուցմունքը արձանագրվել է քննիչի կողմից՝ Բագրատ Խաչատրյանի հետ քննարկելով, փամփուշտների ու կրակոցների մասով չեն համապատասխանում իրականությանը, ես նման բան քննիչին չեմ հայտնել, կարելի է ասել՝ առհասարակ ոչինչ չեմ հայտնել։ Իրականությունն այն է, ինչ ես հիմա հայտնում եմ Ձեզ։ Իմ կողմից 87 հատ մարտական փամփուշտ կրակելը բացարձակ սուտ է։ Ցանկանում եմ նշել, որ այդ օրը իրադարձությունների ժամանակ լսել եմ բազմաթիվ կրակոցներ, սակայն չեմ տեսել, թե ում կողմից եւ որտեղին են կրակում, կրակոցները հիմնականում մեր հետնամասից էին։

Հարց- Ձեզ հայտնի՞ է որեւէ տեղեկություն այն կապակցությամբ, որ մարտի 1-ի դեպքերից հետո ինչպես Ձեր, այնպես էլ մի քանի այլ ծառայողների ինքնաձիգերը տեղափոխվել են Արարատի մարզի Գետազատ գյուղում ՀՀ ՈԶ կրականոց, ապա՝ այդ ինքնաձիգերից կատարվել են կրակոցներ, իսկ պարկուճները տրամադրվել վարույթն իրականացնող մարմնին։ Ի՞նչ կասեք։

Պատասխան- Ես տեղյակ չեմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում։

Հարց- Համաձայն 26․06․2008թ․ հարցաքննության արձանագրության՝ Ձեզ հարցաքննել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ․ Ջանազյանը։ Հայտնեք խնդրեմ՝ ճանաչո՞ւմ եք վերջինիս, թե՞ ոչ, տեսնելու դեպքում կճանաչե՞ք, թե՞ ոչ։

Պատասխան- Ես չեմ հիշում իմ հարցաքննության արձանագրությունը կազմող քննիչին, անուն ազգանունն էլ չեմ հիշում, տեսնելու դեպքում էլ չեմ ճանաչի։

Back to top button