Նորություններ

Մշտապես ակտիվ ու ժպտերես աղջիկը պայքարում է կյանքի համար… ի՞նչ են պատմում ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջկա մասին դպրոցում

Ամենահիշարժան ծննդյան օրը Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա համար այն օրն է եղել, երբ մոր և եղբոր հետ բարձրացել են սուրբ Հովհաննես մատուռ:

Սա տեղ է գտել աղջկա շարադրություններից մեկի մեջ:

Մշտապես ակտիվ և ժպտերես աղջիկը մանկավարժների շրջանում երբեք կասկածներ չի առաջացրել, որ տանը խնդիրներ ունի: Ցույց են տալիս մատյանը. բացակայություններ քիչ ունի: Մի քանի օր ջերմել է, ներկայացրել է բժշկի թուղթ: Կոկիկ է եղել, պարտաճանաչ, դասերին միշտ պատրաստ է եկել դպրոց: Գնահատականներով չի փայլում, բայց նկարագրում են, որ լավ աշակերտ է:

Այսօր աղջիկը պայքարում է կյանքի համար…

Գյումրիի Օյունջյան կրթահամալիրի 7-րդ Ա դասարանի դասղեկը ցույց է տալիս այն տեղը, որտեղ նստում է Նազելին: Ասում է՝ հաճախ միասին են եկել դպրոց: Մոր հետ ջերմ են եղել աղջկա հարաբերությունները: Հաճախ են տեսել մոր և աղջկա՝ թևանցուկ զբոսնելիս: Իսկ մայրն ուշադիր է եղել դստեր նկատմամբ: Հաճախ է այցելել դպրոց, ակտիվ մասնակցել ծնողական ժողովներին: Ոչ մի արտառոց բան չեն նկատել: Միջադեպից հետո էլ զրուցել են դասընկերների, ուսուցիչների հետ, որոնց հետ մտերիմ է եղել աղջիկը: Որևէ մեկին նա չի պատմել իր խնդիրների մասին: Դասղեկն ասում է՝ զարմացած են բոլորը:

Օյունջյան կրթահամալիրի տնօրենը ցավով է նշում, որ խնամակալության հարցը լուծում չի ստացել: Աղջկան հիվանդանոցում որևէ մեկը չի այցելել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովվի աղջկա խնամքի կազմակերպումը:

 

Back to top button
Close