ՆորություններՔո ձայնը

Սպային ծեծելով մահվան դուռը հասցրածի խափանման միջոցը փոխել են՝ կալանքից ազատել են. մարդասիրությո՞ւն, թե՞ կողմնակալություն

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Առավոտյան կարդացի, որ Վայոց ձորում բանակի սպային ծեծելով մահվան դուռը հասցրածի խափանման միջոցը փոխել են՝ կալանքից ազատել են: Չգիտեմ ինչ է սա՝ մարդասիրությո՞ւն, թե՞ կողմնակալություն: Մարդասիրության հիմքում զոհին, ոչ թե հանցագործին պաշտպանելն է: Հասարակությունը չի տեղեկացվել, թե քննությունն ինչ է պարզել: Եվ, որքան հասկանում եմ, ըստ էության էլ դեռ պարզ չէ, զոհը դեռ չի էլ կարողացել ցուցմունք տալ:

Սա շարունակությո՞ւնն է վերջին տարվա ընթացքում աղմկահարույց գործերի՝ բռնել — խափանման միջոցը փոխել — երկրից բացայակելու արգելանքը վերացնել — մարդը գնա- միջազգային հետախուզում հայտարարել 5 քայլանի օրինաչափության: Մարդու վտանգավորության մակարդակը պարզվե՞լ է, գրավո՞վ է ազատվել, արդյո՞ք այս կարգի գրավները «տնտեսական ֆունկցիա» ունեն՝ բյուջե են հոսում, թե՞ սա նախնական ինդուլգենցիա է առկա և պոտենցիալ հանցագործների համար. գործողությունների ընթացքի արահետը լավ տրորված է, մեխանիզմն անխափան աշխատում է: Գուցե նաև փողեր ու կապե՞ր են աշխատում՝ նոր մարդիկ, նոր ցանցեր:

Իսկ սոցիալական և ֆիզիկական զոհերը թող շարունակեն վարչական դռների մոտ մաշվել կորցրած բնակարանների, կորցրած ունեցվածքի, կորցրած առողջության, կորցրած ժամանակի, կորցրած հնարավորությունների և հուսալքության բեռով: Որևէ մեկը կարո՞ղ է ներկայացնել այս կարգի արդարադատության արդյունավետությունը»:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Back to top button
Close