Նորություններ

«Նույնիսկ այս խեղճ երեխայից են հրաժարվում հոր հարազատները, երեխան խնամակալ չունի». դպրոցի տնօրենը մանրամասներ է հայտնում 13-ամյա աղջկա մասին

«Երեք տարի առաջ է աղջկա հայրը մահացել: Դե իմացել ենք, որ մայրը ինչ-որ մեկի հետ կապված է, վերջինիս պատճառով ամուսնու հարազատներն ընդհանրապես իրենց հետ ոչ մի առնչություն չեն ունեցել: Եղբայրը հորաքրոջ մոտ է ապրում: Նազելիին էլ է հորաքույրը ուզել տանի իր հետ, մայրը չի տվել: Այս պահին էլ բոլոր հարազատները նույնիսկ հրաժարվում են հուղարկավորելուց: Նույնիսկ այս խեղճ երեխայից են հրաժարվում հոր հարազատները: Այս պահին երեխան խնամակալ չունի. մոր կողմից մարդ չի ներկայացել, մի քեռի ունի՝ Գերմանիայում է ապրում, բայց…

Նորմալ երեխա էր՝ աշխույժ, ամեն օր դասերին պատրաստ: Այսօր շարադրություններն էի կարդում, թեմատիկ գրավորներն էի նայում: Ամբողջ կիսամյակի ընթացքում այդ երեխան 4 օր է բացակայել, որի համար բժշկի թուղթ է ներկայացրել: Զարմանում եմ, թե ինչու է նման բան պատահել իր հետ: Չեմ կարող ասել՝ երեխու մոտ ինչ-որ վախ է եղել, որի մասին չի արտահայտվել: Մենք գերազանցիկ աղջիկ ունենք, Մարիամիկի հետ էր մտերիմ հարաբերությունների մեջ: Նազելին ոչ բացակայել է, ոչ անպատրաստ է դասերին եկել: Առավոտյան դասղեկի հետ էր դասի գալիս: Եթե երեխայի մոտ ինչ-որ բան նկատեինք կամ վարքագծի մեջ փոփոխություն, մենք ուշադրության կենտրոնում կպահեինք: Երեխան անխնամ չի եկել դպրոց. մաքուր, նորմալ հագնված, չեմ զգացել, որ անուշադրության է մատնված, մոր կողմից Նազելիի հանդեպ բացթողում չենք նկատել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Գյումրու Օյունջյան կրթահամալիրի  տնօրեն Հասմիկ Անդրիասյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա աղջկան:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ 13-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ աղջիկը ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

                Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close