Նորություններ

13-ամյա աղջիկը հաշվառված չի եղել որևէ խնամքի կենտրոնում

Գյումրիում մարտի 5-ին դաժանաբար ծեծված 43-ամյա մահացած կնոջ և նրա 13-ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկա վերաբերյալ համացանցում շրջանառվում են կեղծ տեղեկություններ և շահարկումներ։

Մասնավորապես՝ կեղծ օգտատերերից մեկը գրառում է կատարել, թե իբր աղջիկը գտնվում էր հատուկ խնամքի կենտրոնում և անբարենպաստ վիճակում վերադարձել է  ընտանիք Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի «խնամքի կենտրոնները փակելու որոշման արդյունքում»։

Ֆեյք օգտատիրոջ այս կեղծ գրառումը տարածել են որոշ լրատվական կայքեր եւ ֆեյսբուքյան օգտատերեր՝ դարձնելով այն լրատվական հոսքի մաս։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանեցին, որ 13-ամյա աղջիկը նախարարության ենթակայության ներքո գտնվող որևէ հաստատությունում երբևիցե չի գտնվել։

Կենտրոնը կապ հաստատեց նաև Շիրակի մարզպետարանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ, որտեղից ևս տեղեկացրին, որ աղջիկը չի հաշվառվել որևէ խնամքի հաստատությունում, հետևապես և չի էլ վերադարձել ընտանիք, հետևապես տեղի ունեցած միջադեպը չէր կարող Զարուհի Բաթոյանի ընդունած որոշման արդյունքը լինել։

Back to top button
Close