Նորություններ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

Տարոն Սիմոնյան․ Իմ հարցն ուղղված է արտաքին գերատեսչությանը։ Երկու օր առաջ, եթե չեմ սխալվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի արտգործնախարարի հետ և քննարկել որոշ հարցեր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված։

Ինձ շատ հետաքրքրում է. առաջինը՝ արդյո՞ք մեր արտաքին գերատեսչությունը տեղյակ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, երկրորդը՝ արդյո՞ք մեր արտաքին գերատեսչությունը տեղյակ է՝  ինչի մասին է խոսք գնացել և ինչ է քննարկել Թուրքիայի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ և երրորդը՝ որո՞նք են մեր քայլերը խնդրի պարզաբանման հետ կապված։

Զոհրաբ Մնացականյան․ Բարի օր, մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի պատգամավորներ։

Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ Ձեզ հարցի համար։ Առաջինը սկսենք նրանից, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ. բոլոր միջազգային կազմակերպությունների, ըստ անհրաժեշտության՝ ՄԱԿ-ից մինչև Կարմիր խաչի միջազգային կոմիտե, և այդ հանդիպումները նորություն չեն, և արտառոց որևէ բան չկա: Այդ հանդիպումները պլանային են, և Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց գործառույթը։

Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատելով փոխվստահության պայմաններում  և ամբողջովին վստահելով Մինսկի խմբի համանախագահներին՝ մենք շատ լավ գիտենք այդ պլանի մասին և շատ լավ գիտենք նաև, թե ինչպես և ինչ մոտեցումներով են Մինսկի խմբի համանախագահներն աշխատում, որովհետև մենք ենք աշխատում իրենց հետ: Այդ առումով, այստեղ որևէ արտառոց բան չկա:

Սկսենք նրանից, որ սա առաջին հանդիպումը չէ։ Ես այժմ չեմ մտաբերի, թե նախկինում երբ էին հանդիպել։ Ի դեպ, դրանից առաջ էլ եղել են հանդիպումներ մի շարք այլ երկրների հետ այս վերջին ամիսների ընթացքում, ծրագրված են այլ հանդիպումներ, և սա բնականոն աշխատանք է: Որևէ մտահոգություն մենք այդ առումով չունենք, ինչպես նաև այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին:

Միգուցե մի փոքր տարբերությունը նրանում էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, և, ի դեպ, եթե շատ անկեղծ լինենք՝ այդ մեկնաբանության մեջ էլ չկար որևէ բան, որը մենք նախկինում չէինք լսել, և մենք այդ առումով հանդես եկանք Արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ: Բնականաբար, այդ մոտեցումը բոլորին ծանոթ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ: Սա մենք ասել ենք և բազմիցս կրկնել: Այնպես որ մեր մոտեցումները շատ հստակ են այդ առումով, մենք շարունակում ենք աշխատել, շարունակում ենք իրականացնել մեր նպատակները, մեր աշխատանքը և աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ:  Շնորհակալություն։

Տարոն Սիմոնյան: Շնորհակալություն: Շատ դիվանագիտական պատասխան էր: Ես, ճիշտն ասած, Ձեր հանգստությունը կկիսեի, եթե տարածաշրջանային այս իրադարձությունների բովում տեղի չունենար այդ հանդիպումը, և դա որպես արտաքին քաղաքականության ուղեգիծ չնշմարվեր նույն Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Մեր հարցի սրությունը դրանով էր պայմանավորված: Ես կցանկանայի կրկին անգամ հասկանալ սրա հետ կապված մեր արտաքին գերատեսչությունը Թուրքիայի ցանկությունների և ամեն հնարավորությունն օգտագործելու, որ իր խոսքը, իր ձայնը բարձրաձայնի Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ կապված, մեր արտաքին գերատեսչությունն ի՞նչ գործեր պետք է հետագայում ծավալի, որովհետև այն, ինչ Դուք ասում եք, ասվել է տարիների, տասնամյակների ընթացքում, բայց Թուրքիան գնալով ավելի է բարձրացնում իր ձայնը և ցանկություն է հայտնում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավվել:

Զոհրաբ Մնացականյան: Պարոն Սիմոնյան, շատ շնորհակալ եմ: Դուք կարող եք համարել, որ իմ պատասխանը դիվանագիտական էր, բայց Ձեզ այդ հարցում կհակադարձեմ, որովհետև իմ պատասխանն առավել քան հստակ էր: Եվ եթե մի կողմը բարձրաձայնում է, ու եթե Դուք սպասում եք, որ այդ բարձրաձայնումը պետք է իմ կողմից դրդի բղավելուն, ապա՝ ոչ: Ես նորից կրկնեմ. ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում չի կարող ունենալ Թուրքիան: Սա այն է, ինչ մենք ենք բարձրաձայնել և շարունակելու ենք բարձրաձայնել: Ներկայիս պայմաններում առավել քան ակնառու է: Նման ձևով բարձրաձայնելով՝ նշանակում է, որ նաև իրականացնում ենք գործողություններ, որպեսզի անվնաս պահենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը: Եթե դուք ուզում եք, որ ես ավելի էմոցիոնալ ձևով դա ասեմ, ես դա չեմ անելու: Բայց սրանից ավելի պարզ ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ բացատրել:

Արման Աբովյան. Պարոն  նախարար, այսօր տարածաշրջանում բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի ագրեսիայի մասին է Սիրիայի տարածքում: Գիտենք, որ թուրքերն արդեն տևական ժամանակ իրագործում են այն պանօսմանական ծրագիրը, և ակնհայտ է, որ տարածաշրջանում շատ լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում: Դրա հետ մեկտեղ, չեմ ուզում կրկնել գործընկերոջս հարցը, այդ հարցին չեմ անդրադառնա․ այստեղ շատ կարևոր է հասկանալ մեր գործողությունների տրամաբանությունը, որովհետև մենք չենք կարող չհաշվարկել նվազագույնը, տարածաշրջանի այս բուռն փոփոխությունների ընթացքը մեր մասով, մեր հետաքրքրությունների մասով:

Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալ եմ հարցի համար: Դուք անդրադառնում եք ներկայումս զարգացող իրադարձություններին, և դրանց սրությունը, բնականաբար, շատ ակնհայտ է: Բայց նաև պետք է ասեմ, որ արդեն տևական ժամանակ է՝ այս զարգացումները տեղի են ունենում մեր հարևան տարածաշրջանում: Մի տարածաշրջան, որտեղ մենք ունենք և՛ ուղղակի, և՛ անուղղակի շահեր, հետաքրքրություններ, և սա մեր մշտական ուշադրության, մշտադիտարկման, գնահատման առարկա է: Արդեն մարտ ամիսն է, սակայն զարգացումներ եղել են նաև փետրվարին, հունվարին, տարվա սկզբին, դրանից առաջ հոկտեմբերին, և այս տևական զարգացումները տեղի են ունենում և ներգրավում են տարբեր դերակատարների, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն մեզ և մեր տարածաշրջանի հետ:

Մենք չափազանց զգայուն ենք այս հարցի առումով: Մեր բոլոր մեխանիզմներն օգտագործելով՝ մշտական գնահատման և գործողությունների իրականացման այդ գործառույթը իրականացնում ենք, մշտական կապի մեջ ենք մեր տարբեր գործընկերների հետ՝ գնահատելու, համալրելու համար մեր տեղեկությունները և մեր գնահատականները, և ըստ այդմ գործելու:

Դեռևս հոկտեմբեր ամսին մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում  Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, վերահաստատել էինք ձևավորված դիրքորոշումը, որ աջակցություն ենք հայտնում Սիրիայի միասնականությանը և ինքնիշխանությանը, և կոչ էինք արել զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգությունից:

Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությունը, որը վերջին օրերին ձեռք է բերել անթաքույց բնույթ, ստեղծում է լուրջ տարածաշրջանային սպառնալիքներ, այդ թվում մարդասիրական մարտահրավերներ: Սա նույնպես մեր աչքի առաջ է: Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, և վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը: Այս մոտեցումը մեր ներկայիս դիրքորոշման հիմքում է:

Արման Աբովյան: Իրավացի եք, պարոն նախարար, որ այս իրադարձությունները երեկ չեն սկսվել: Եթե վերցնենք ակտիվության ֆազան՝ 2012-2013 թվականից է, որ այդ ակտիվությունը գնալով ավելանում է: Հյուսիսային Իրաքն էլ, չմոռանանք, որ Թուրքերը փաստացի այնտեղ էլ ներխուժեցին: Այսպիսի մի հարց, որը ստացել եմ բազմիցս: Փորձել եմ իմ միջոցներով ճշտել, նկատի ունեմ ընկերներիս, բարեկամներիս․ Իդլիբի շրջանում, որտեղ հիմա շատ բուռն գործողություններ են կատարվում, մենք այնտեղ հայ ընտանիք ունե՞նք: Կային հատվածներում հայերի մասին խոսակցություններ: Հարցերը բարձրաձայնվում են, իսկ տեղեկություն չունեմ: Այդ մասով էլ պարզաբանեիք, արդյո՞ք կան այտեղ հայեր, կա՞ վստանգ:

Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալություն: Գիտեք, որ ազգությամբ հայ Սիրիայի քաղաքացիներն ապրում են տարբեր վայրերում, հիմնականում կենտրոնացած են մի քանի շրջանում, որոնցից են, առաջին հերթին, Հալեպը, Դամասկոսը, Քամիշլին, Քեսաբը: Կան վայրեր, որտեղ մենք գիտենք, որ ավելի մեծ է քանակը: Մարդիկ միմյանց հետ սերտ կապի մեջ են, որովհետև հայ համայնքն ինստիտուցիոնալ ներկայացվածության կարողություն ունի: Այս պահի դրությամբ ես Ձեզ չեմ կարող վստահաբար ասել, որ այդ շրջանում կա Սիրիայի՝ ազգությամբ հայ քաղաքացիների առկայություն:

Սիսակ Գաբրիելյան. Իմ հարցը նույնպես ուղղված է արտաքին գործերի նախարարին: Հարգարժան նախարար, ինչպես գիտեք, տարեսկզբից դեպի եվրոպական ուղղություններ նոր թռիչքներ բացվեցին, և նախատեսված է նաև, որ ամռան շրջանում ևս մի քանի ուղղություններ կբացվեն: Այս առնչությամբ հարցս ինչու եմ  հրապարակային տալիս, որովհետև շատ քաղաքացիների է հետաքրքրում: Արդեն իսկ այսօր շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչև ամառվա կեսերը տեղեր չկան։ Մարդիկ կարողանում են տոմս գնել, բայց չեն կարողանում օրինակ վիզայի համար դիմել դեսպանատներ: Արդյո՞ք այս ուղղությամբ աշխատանքներ տարել եք, հատկապես այն երկրների հետ, որտեղ ուղղություններ բացվում են, որովհետև հիմա 10 քաղաքացի են ընդունում, գոնե այս երկրների հետ ավելի երկարացնեն: Եվ, որպես հարցի շարունակություն, դժգոհություն կա քաղաքացիների կողմից, որ դեսպանատները իրենց ուղղորդում են վիզաների կենտրոն, որոնք լրացուցիչ գումար են պահանջում 20-30 հազար դրամ վիզայի համար դեսպանատանը հերթագրվելու: Ինչպե՞ս եք ընդհանրապես վերաբերվում այս գործընթացին, այստեղ ամեն ինչ օրինակա՞ն է: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալ եմ, որ Դուք հարցը բարձրացնում եք։ Գիտեք, որ երկու առանձին գործընթացներ են․ մեկը վիզայի ազատականացման երկխոսության սկիզբ դնելու գործընթացն է և երկրորդը վիզաների տրամադրման արդեն գործող պայմանագիրը, որի շրջանակներում մենք ունենք նաև համապատասխան հարթակներ, որտեղ մենք քննարկում ենք, թե ինչպես է դա իրականացվում։

Ասեմ, որ այդ դժգոհությունը մեզ հայտնի է, և մենք շատ լուրջ ենք ընդունում, Եվրամիության և անդամ պետությունների հետ մեր երկխոսության հարցերից մեկն է, և բնականաբար մեր քաղաքացիների այդ դժգոհությունը ի հայտ ենք բերում այս երկխոսության, քննարկումների ժամանակ և շարունակելու ենք դա անել։ Դա բնականաբար չի բխում վիազների դյուրացման մասին համաձայնագրի ոգուց: Մենք չենք կարող անտարբեր լինել դրան, շարունակելու ենք բարձրացնել այդ հարցը և կոնկրետ լուծումներ տալ դրան՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ մարդկանց շփումների դյուրացումը չափազանց էական մաս է կազմում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, և ընդհանուր առմամբ՝ քաղաքականության ավելի լայն համատեքստում: Վերջինիս համար մեզ մոտ արդեն իսկ առկա այդ մեխանիզմի օգտագործումը մեզ համար ունի խիստ քաղաքական նշանակություն։ Այս առումով Ձեր կողմից բարձրաձայնված հարցի սրությունը շարունակելու ենք պահել օրակարգում և ապահովել դրա լուծումները։ Շնորհակալություն։

Սիսակ Գաբրիելյան. Շնորհակալ եմ, պարոն նախարար: Որովհետև գիտեք, որ դեսպանատան վիզայի դիմելու համար նախապես տոմս պետք է ամրագրած լինեն, իսկ այդ բյուջետային թռիչքները չի լինում չեղարկել: Շատ քաղաքացիներ գնում են, և այդ օրը չի լինում դեսպանատներում տեղ: Ստիպված, ինձ օրինակ դիմած մի քանի քաղաքացիներ արդեն կորցրել էին այդ տոմսերը: Եվ երկրորդ հարցիս չպատասխանեցիք, կապված վիզաների կենտրոնների հետ: Սա չճշտված տեղեկություն է, չեմ ուզում անուններ տալ, բայց արդյո՞ք Ձեզ էլ է հասել այդ ահազանգը, որ, օրինակ, որոշակի տուրիստական ընկերություններ կարողացել են ինչ-ինչ հարաբերությունների մեջ մտնել դեսպանատների հետ և ասում են, որ, օրինակ, հենց դեսպանատներից ուղղորդում են քաղաքացիներին, ասում են՝ այս տուրիստական ընկերությունը գնացեք, իրենք ձեզ օրվա և ժամի համար կհստակեցնեն, տեղ կտրամադրեն դեսպանատանը:

Զոհրաբ Մնացականյան. Ես անպայման այդ հարցին կանդրադառնամ, որովհետև մանրակրկիտ ծանոթ չեմ նման մեխանիզմների, բայց մենք պարբերաբար լսում ենք, որ դեսպանություններում խնդիր կա ռեսուրսի: Հասկանում ենք դա, սակայն նաև հասկանում ենք, որ դա մեզ համար խնդրի լուծում չի. ռեսուրսի բացակայությունը չի լուծում խնդիրը: Ինչ վերաբերվում է տուրիստական ընկերություններին, այս գործառույթի մեջ իրենց դերակատարությանը, ես, ճիշտն ասած, կարիք կունենամ մի փոքր ավելի ճշտելու, թե ինչի մասին է խոսքը: Շնորհակալություն:

Back to top button
Close