Նորություններ

«Սեյրան Օհանյանն ո՞վ էր, որ գործընթացի վրա ազդեցություն ունենար, զուտ մեխանիկական բնույթ է կրել իր ներկայությունը»

«Այս քրեական գործի վերաբերյալ կարող եմ ասել, որ կասկածյալների ցանկը շատ ավելի մեծ պիտի լիներ: Քանի որ շատերն են մասնակից եղել այդ  խայտառակ կեղծիքին և թալանի գործընթացին, կառավարությունը, պետական մարմինները, այդ տարիներին գործող նախագահը առանց վերջինիս թույլտվության կամ հովանավորության չէր կարող լինել այդ գործարքը, որովհետև գործարքն իրականացվել է կառավարության  որոշումների հիման վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործընթացին և հարուցված քրեական գործին:

Սաքունցի խոսքերով՝ նախկին իշխանության օրոք երբևէ անդրադարձ չի եղել «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործընթացներին:

Իրավապաշտպանն անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ներգրավվածությանը՝ ընդգծեց. «Սեյրան Օհանյանն առնվազն տեղյակ է այդ գործընթացից, ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, որովհետև կառավարության անդամ է եղել, բայց Սեյրան Օհանյանն ո՞վ էր, որ այնտեղ գործընթացի վրա ազդեցություն ունենար, զուտ մեխանիկական բնույթ է կրել իր ներկայությունը: Սա պետության զավթման օրինակ է»:

Հիշեցնենք, որ «ՁորաՀԷԿ»-ը խորհրդային տարիներին  համարվել  է  պետական սեփականություն, օտարվել է 2010թ.-ին: 2002թ.-ից ՀԷԿ-ը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում էր հաշվառված։ ՀՔԾ-ի հաղորդման համաձայն՝ 2010 թվականին Սեյրան Օհանյանի ղեկավարած նախարարության մշակած՝ կառավարության գաղտնի որոշմամբ, առանց գույքի պարտադիր գնահատման առաջարկվել է թույլատրել, որ ՊՆ-ն իր կազմում գտնվող «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ն 3 միլիարդ 600 միլիոն դրամով կամ մոտ 7.5 միլիոն դոլարով օտարի «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է։

ՀԷԿ-ի օտարման գործընթացը  2018 թ. հեղափոխությունից հետո  հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

Նիկոլ Փաշինյանը 2019թ. ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ կարող է անցնել ստրատեգիական կարևորությամբ  օբյեկտի սեփականաշնորհման գործով՝  ակնարկելով «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործարքը:

2019թ. մայիսին գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Բարձր եկամտաբերությամբ, 12 միլիարդ դրամ շուկայական արժեք ունեցող այս ՀԷԿ-ը օտարվել է 4 անգամ ցածր գնով, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է ՀՔԾ-ին»։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

  Անահիտ  Չալիկյան

 

 

Back to top button