Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

«Սաստկանում է քրիստոնյաների դեմ պատերազմը. արևելյան քրիստոնյաների հետապնդումների լռության մատնված պատմությունը». Le Figaro

«Արևելյան քրիստոնյաների ճակատագիրը մեր սեփական ապագայի կանխագուշակն է»,- ասում է Ֆրանսուա Ֆիյոնը, ով 35 տարի շարունակ քաղաքական պայքար է մղում նրանց շահերի համար:

«Այժմ քրիստոնյաների դեմ կատաղի պատերազմ է մղվում նաև Աֆրիկայում, որտեղ քրիստոնեություն դավանող տեղաբնակներն իսլամիստների զոհ են դառնում»,- գրում է ֆրանսիական Le Figaro հանդեսը:

«Այսօր Արևելքում չկա մի տեղ, որտեղ քրիստոնյաներն իրենց ապահով զգան, բացառությամբ Հորդանանի, Իսրայելի և Լիբանանի, նշում է Ֆրանսուա Ֆիյոնը: Նրա համար սա միակ քաղաքական պայքարն է, որը ծավալել է Ֆրանսիայում, քանի որ գրեթե երեք տարի է, ինչ նա հայրենիքում ներգրավված չէ որևէ քաղաքական բանավեճի մեջ, բացառությամբ դատարանում սեփական պաշտպանության: Նա 35 տարի շարունակ պայքարում է արևելյան քրիստոնյաների ճակատագրի համար»:

«Վերջերս Սենատում խոսելով իր կողմնակիցների առջև՝ Ֆիյոնը հայտարարեց. «Արևելյան քրիստոնյաների ճակատագիրը մեր սեփական ապագայի կանխագուշակն է»: Նա թվարկեց այն երկրները, որտեղ քրիստոնյաներն իսլամիստների զոհ են դառնում, ովքեր նրանց դեմ են հանդես գալիս «դագաղ կամ ճամպրուկ» կարգախոսով»:

«Խորհրդային զորքերը Աֆղանստանից դուրս բերելու արդյունքում երկիր եկավ ջիհադը: Սաուդյան Արաբիայում նավթի առևտրի պատճառով մենք ստիպված լռեցինք: Իրաքում բռնապետությունը փոխարինվեց միջնադարյան խալիֆայությամբ: Սիրիայում ռազմավարության և իրատեսական մոտեցման բացակայության պատճառով Ռուսաստանը և Իրանը կարողացան թելադրել ողջ տարածաշրջանի ապագան: Հիանալի արդյունք»,- ասել է քաղաքական գործիչը:

«15 տարի առաջ Իրաքում ապրում էին մեկուկես միլիոն քրիստոնյաներ, և այսօր նրանց թիվը տասնապատիկ կրճատվել է: Դեռ 2011-ին Սիրիայում կար մեկուկես միլիոն քրիստոնյա, իսկ անցյալ տարի արդեն երեք անգամ պակաս»:

«Հունվարի 20-ին Բաղդադում անհետացան Արևելքի քրիստոնյաներին օգնություն ցուցաբերող ֆրանսիական կազմակերպության չորս անդամներ: Այդ ժամանակից ի վեր մենք ողբում ենք նրանց ճակատագիրը»,- նշել է Ֆիյոնը: Անցյալ տարվա տվյալներով՝ 2018 թվականին աշխարհում 4305 քրիստոնյա է սպանվել իր հավատքի համար: Սա 1239-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ բողոքական «Բաց դռներ» կազմակերպության տվյալների՝ 2017 թվականին փակվել կամ ավերվել է 793 եկեղեցի, իսկ 2018-ին այդ ցուցանիշն աճել է մինչև 1847»:

«Այժմ Աֆրիկայում սաստկանում է քրիստոնյաների դեմ պատերազմը: Անցյալ տարեվերջին ֆրանսիացի լրագրող Բեռնար-Անրի Լևին ռեպորտաժ էր վարում Նիգերիայից, որտեղ հովիվները հարձակվեցին տեղի ֆերմերների վրա, որոնց մեծ մասը դավանում է քրիստոնեությունը»:

«Մենք ձեռքներս ծալած այդպես էլ կնստենք և կսպասե՞նք, մինչև Ասիայում խրամատավորված իսլամիստները, որոնք հետապնդվում են Եվրոպայում և պարտություն են կրել Սիրիայում և Իրաքում, նոր ճակատ կբացեն երկրի վրա, որտեղ Աբրահամի որդիները երկար ժամանակ խաղաղ գոյատևում էին»,- հարց է ուղղում Բեռնար-Անրի Լևին:

«Նիգերիայում քրիստոնյաների կոտորածն Արևելքում կատարվող սպանությունների շարունակությունն է»,- եզրափակում է ֆրանսիական պարբերականը:

 

Աղբյուր՝ Le Figaro

Back to top button
Close