Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Երիտասարդները զինվեցին ազգային-ավանդական տոնացույցի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներով

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում ավարտվեց «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հնգօրյա ուսուցողական դասընթացը, որին մասնակցեց Հայաստանի մարզերից ընտրված քսան երիտասարդ։ Դասընթացը ՀՀ ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, կազմակերպեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն էր մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության գործընթացի խթանումը, ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու տարածումը:

Դասընթացի կազմակերպիչները ներգրավելով մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետների, օգտագործելով նրանց փորձն ու գիտելիքները` մասնակից երիտասարդներին պատրաստեցին որպես հայոց տոնացույցում ընդգրկված ազգային-ավանդական տոների կազմակերպիչներ: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայ ազգային-ավանդական տոնացույցը, մշակութային միջոցառման կազմակերպումը, կազմակերպական կառավարումը, կամավորների ներգրավումը, ֆինանսավորումը և դրամահավաքը, հանրային կապերը և այլն:

Դասընթացը հատուկ կազմակերպվել էր այնպես, որ ներառեր Բարեկենդանի տոնը։ Դասընթացի մասնակիցները նախ նախապատրաստվեցին, ապա գործուն մասնակցություն ունեցան Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում փետրվարի 22-ին կազմակերպված Բարեկենդանի տոնին։

«Շատ արդյունավետ էին դասընթացները, որովհետև դասախոսներից ձեռք բերված գիտելիքները միանգամից հնարավորություն ունեցանք կիրառել գործնականում», — ընդգծում է դասընթացի մասնակից Մերին։ «Վերադառնալով իմ մարզ՝ Արմավիր, ընկերներիս հետ ձեռնամուխ եմ լինելու տոնացույցի հաջորդ՝ Ծաղկազարդի և Զատիկի տոնակատարությունների նախապատրաստման աշխատանքներին», -ասում է  Հայկը։

Բոլոր մասնակիցները մասնագետ-դասախոսների օգնությամբ այժմ ձեռնամուխ են լինելու երիտասարդների համար ազգային տոների կազմակերպման ուղեցույցի մշակման աշխատանքներին։ Այն նախատեսվում է լույս ընծայել ապրիլի սկզբին։

 www.fyca.net

#ազգային-ավանդական տոնացույց

#երիտասարդների մասնակցություն

#Երիտասարդական ակումբների դաշնություն

 

Back to top button
Close