Նորություններ

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Մարտի 1–ի իրադարձություններից անցել է 12 տարի. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին։

«Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթ էր պլանավորել, որը, սակայն, չեղարկվել է՝  Հայաստանում այսօր գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի պատճառով։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Լևոն Տեր Պետրոսյանի կողմնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։ Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

 

Back to top button
Close