ՆորություններՔո ձայնը

«Պարգեւատրումների մասին խոսացողները փորձում են մարդկանց տպավորել թվերով, բայց խնդիրը թվերի մեջ չէ, այլ սկզբունքի»

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Պարզունակ ճշմարտություններ եմ ասելու, կրկնելու եմ արդեն հնչեցրած մտքեր, բայց զգացել եմ լրատվական դաշտում դրանց պակասը: Եթե սխալ եմ զգացել ու երկար եմ շարադրել, կներեք:

Պարգեւատրումների մասին խոսացողները փորձում եմ մարդկանց տպավորել թվերով: Բայց խնդիրը թվերի մեջ չէ, այլ սկզբունքի: Պետական պաշտոնյայի աշխատավարձ (ռոճիկի իմաստով) ստանալը պիտի նշանակի, որ մարդը 100%֊ով կատարել է իր պարտականությունները: Եթե պարգեւատրումների հետ միասին աշխատավարձը կազմում է ռոճիկի 250%֊ը, նշանակում է, որ մարդը իր պարտականությունների համեմատ 2.5 անգամ ավել/լավ է աշխատել՝ տալով համապատասխան արդյունք: Միեւնույն ժամանակ ոչ֊ոք չի կարող պնդել, թե քաղաքացիների կյանքի որակի բարձրացման, բարեփոխումների արագության եւ արդյունավետության, կառավարման համակարգի օպտիմալացման, ներդրումների ծավալների առումով եւ այլն մեզ մոտ վիճակը լավացել է 2.5 անգամ, կամ հստակ հեռանկարներ կան, որ տեսանելի ապագայում այդքան լավանալու է:

Միանշանակ եւ զգալիորեն նվազել է պետությունից, քաղաքացիներից գողացածի ծավալը, որը եւ ստեղծել է պետական եւ տեղական ինքնակարավարման մարմինների համար հնարավորություններ ավելի շատ ծախսել: Սակայն եթե այդ հնարավորությունը օգտագործվում է պարգեւատրումներ տալու վրա, դա ընկալվում է որպես մի տեսակ ուղերձ հասարակությանը, որ պաշտոնյաի համար նորմը (պարտականությունների 100%֊ի կատարումը) ենթադրում է նաեւ գողանալը, կաշառք վերցնելը, իսկ չգողանալու ու կաշառք չվերցնելու համար հասնում է պարգեւատրում… Իհարկե մեր պետական ապարատը ունեցել է որոշ այլ կոնկրետ հաջողություններ, որոնց համար կարող էին պարգեւատրվել դրանց անմիջականորեն նպաստած աշխատողները: Հիշատակեմ միայն բոլորին հայտնի քիչ թե շատ հաջողված իրադարձությունները/ոլորտները` Ֆրանկոֆոնիայի (2018) եւ ԵԱՏՄ (2019) վեհաժողովները, բարձր տեխնոլոգիաների ֆորումը (2019), ճանապարհաշինությունը, էժան ավիաուղիների հայկական շուկա բերելը…

Սակայն անհասցե ամսական պարտադիր եւ ստանդարտացված պարգեւատրումները խրախուսելու փոխարեն այլասերում են չինովնիկին, անհիմն եւ առանց աշխատանքի որակի վրա դրականորեն ազդելու բարձրացնում ինքնագնահատականը, սեփական կարեւորության զգացումը: Մարդիկ ձեռք են բերում բյուրոկրատիային բնորոշ բացասական հատկություններ: Միանգամայն համաձայն եմ, որ հանրային աշխատանքի համար պետք է ստեղծվեն պայմաններ, որոնք մրցակցային են մասնավոր սեկտորում աշխատանքի համեմատ, որ ֆինանսական ապահովումը պետք է հնարավորինս համապատասխանի արժանապատիվ կյանք վարելու պահանջարկին եւ ազատի այլ եկամուտներ ստանալու անհրաժեշտությունից: Սակայն տվյալ խնդիրը պետք է լուծվի ֆիքսված աշխատավարձերի/ռոճիկների միջոցով, որոնց որոշակի չափով բարձրացումը երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո անվիճելիորեն արդարացված էին: Իսկ ցանկացած տեսակի բոնուսները պիտի նախատեսվեն բացառապես կոնկրետ նվաճումների, իրավիճակների համար»:

 

Back to top button