Նորություններ

Առողջապահության նախարարության հորդորներին հակառակ՝ Հայաստանի դեղատներում դիմակների դեֆիցիտ կա

Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել աշխարհով մեկ: Վիրուսը տարածվում է արագորեն, ինչն էլ բժիշկներին հնարավորություն չի տալիս դրա դեմ պայքարի միջոց գտնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածվելը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի դեղատներում դիմակի և անհրաժեշտ դեղորայքի մեծ պահանջարկի հետևանքով դեֆիցիտ է սկսվել: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում դեռևս կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, բայց մարդիկ պատրաստվում են՝ չբացառելով վիրուսի ներթափանցումը: Արդեն 2 շաբաթ է՝ մարդիկ դժգոհում են, որ դեղատներում դիմակ չկա, իսկ եթե բախտի բերմամբ գտնես էլ, կրկնակի թանկ պիտի վճարես: Առողջապահության նախարարության հորդորներին, թե Հայաստանը բավարար քանակով դիմակներ ունի և անհրաժեշտության դեպքում էլի կներկրի, հասարակության մոտ թերահավատություն է առաջացրել:

ԳԱԼԱ-ն Գյումրու մի քանի դեղատներից հետաքրքրվել է դիմակների առկայության, այս օրերին ամենաշատը սպառվող դեղորայքի քանակի մասին: Դեղատներից մի քանիսում ասացին, որ իրենց այլ մասնաճյուղերում ևս դիմակներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես խոսքը Natali և Alfa pharm դեղատնային ցանցին է վերաբերում: Աշխատակիցները նշեցին, որ մոտավորապես մի ամիս է, ինչ իրենց մոտ դիմակ չկա: Անհրաժեշտ դեղորայք, սպիրտները, քսուքները գրեթե վաճառվել են նույն տեմպերով:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի հարակից դեղատանը դիմակ կար, աշխատակիցը նշեց, որ նախկինում 20 դրամ է եղել, այս պահի դրությամբ արժեքը կազմում է 100 դրամ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորել էր դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:

Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում հանձնաժողովը կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:

Հավելենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close