Նորություններ

«Մենք բազմիցս ենք ասել, որ ռոբասերժական բանդայի ամենաապահով տեղը Հայաստանի բանտերում է». Մուրադ Գրիգորյան

2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ։ Արդյունքում Երևանում սպանվեց տասը քաղաքացի։

2008թ.-ին տեղի ունեցած մարտյան ողբերգությունից անց 12 տարի ի՞նչ բացահայտումներ են եղել, և վերջնականապես Մարտի 1-ի մեկի գործը ե՞րբ կհամարվի փակված էջ: Թեմայի վերաբերյալ այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում քննարկում էր: Քննարկմանը մասնակցում էին ՀԱԿ անդամներ, մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետևանքով տուժող մարդիկ, ովքեր անձամբ մասնակցել են 2008թ. հանրահավաքներին և ականատեսն են մարտի 1-ի ողբերգության:

Մուրադ Գրիգորյան

«Մարտի 1-ի դեպքերը, ըստ իս, բացահայտված կլինեն այն ժամանակ, երբ բոլոր կազմակերպիչները կստանան իրենց արժանի պատիժը: Մեր պետությունը հիմա այդ ընթացքի մեջ է: Մարտի 1-ը եղել է սպանդ: Հանցագործ իշխանությունն օրը ցերեկով գնդակահարել է իր ժողովրդին, սպանել է իր քաղաքացիներին: Հանցավոր իշխանության քրեական գործերը, դատավարություններն ընթացքի փուլում են»,- քննարկման ընթացքում հայտարարեց ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:

Գրիգորյանը հույս է հայտնում, որ տրամաբանական ավարտին կհասցվի. «Մեր ժողովուրդը կտեսնի արժանիորեն պատժված Մարտի 1-ի գործով բոլոր մասնակիցներին՝ հրաման տվողներին և կատարողներին, մի խոսքով՝ հանցագործ բանդային, որը 20 տարի շարունակ իշխել էր երկրում և երկիրը վերածել համակենտրոնացման ճամբարի, քանի որ ընտրության արդյունքներից դժգոհող քաղաքացիների խաղաղ հավաքի գնդակոծումը, գնդակահարությունը՝ բանակով, զենքով, զինամթերքով, հարիր է վայրագ երկրներին: Մենք բազմիցս ենք ասել, որ ռոբասերժական բանդայի ամենաապահով տեղը Հայաստանի բանտերում է»,- ընդգծեց ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավարը:

Սերիկ Տոնոյան

ՀԱԿ անդամ Սերիկ Տոնոյանը պատմում է՝ 12 տարի անց ինչպիսի դասեր քաղեցինք Մարտի 1-ի դեպքերից:

«Գլխավոր դասը այն էր, որ երբեք թույլ չտալ, որ կեղեքող, սպանող ռեժիմ տիրի Հայաստանում: Չի կարելի թույլ տալ, որ ազգին խեղճացնեն, վախեցնեն, թալանեն, և մենք անտարբեր մնանք: Մենք ռոբասերժական կլանի կառավարման տարիների դասերը քաղել ենք: Հոկտեմբերի 27-ից սկսած, Մարտի 1-ով վերջացրած՝ այս դեպքերը պետք է դատապարտվեն, որպեսզի բոլորի համար դաս լինի»:

Մարտի 1-ի գործի շրջանակում տուժող ճանաչված Շոթա Սաղաթելյանը պատմում է, որ առաջիններից էր, որ իշխանության կողմից ենթարկվեց քրեական հետապնդման: Սաղաթելյանը դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման, բայց համաներումով ազատ է արձակվել:

Մուրադ Գրիգորյանն ընդգծում է, որ իրենց կողմից վստահություն կա Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, գուցե դանդաղ տեմպերն են մտավախության տեղիք տալիս, բայց արդարության վերականգնման պրոցեսն ունենալու է տրամաբանական արդյունք. վերջին հաշվով իրերն իրենց անունով կոչելու ժամանակներ են սկսվել:

ՀԱԿ ներկայացուցիչները Մարտի 1-ի գործով մասնակցություն ունեցած, բայց դեռևս մեղադրյալի աթոռին չհայտնվածների անունները մատնանշելուց սլաքներն ուղղում են Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանին, Աղվան Հովսեփյանին, ՀՔԾ նախկին պետին, Միքայել Հարությունյանին:

Նրանց կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող առեղծվածային մահերը Մարտի 1-ի գործի չբացահայտման արդյունք են: Մահերը պատահական չեն, նրանք իրենց հետ արխիվ են թաղել, որն անպատճառ ազդեցություն կունենա գործի քննության վրա:

Հարցին՝ ժողովուրդը 2008թ.-ին նույն պահանջով, այսինքն՝ ինչ 2018թ.-ին էր, դուրս եկավ փողոց, որպեսզի երկրում իշխանափոխություն լինի: Ինչո՞ւ միայն տասը տարի անց եղավ իշխանափոխությունը, բանախոսները պատասխանեցին. «2018թ.-ին հասունացել էր մի սերունդ, որը տեսնում էր երկրի կործանումը, բացի դրանից՝ 2008թ.-ի Նիկոլ Փաշինյանը տարբեր էր 2018թ. Նիկոլ Փաշինյանից»:

         Անահիտ Չալիկյան

Back to top button
Close