Նորություններ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված նաև նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները:

Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

· պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,

· խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

· եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

· եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

· մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

· հագնվե´ք եղանակին համահունչ,

· պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

· օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

· հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

· հետևե´ք անձնական հիգիենային։

Back to top button
Close