Նորություններ

Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

Տեղեկատվության ստուգման կենտրոնն ամփոփում է շաբաթվա ընթացքում մեդիատիրույթում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:

 1. Կորոնավիրուս

Վերջին երկու ամիսների ընթացքում կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերը շարունակում են գերակշռել մեդիատիրույթում։ Վիրուսի՝ Իտալիայում, ապա Իրանում տարածումը նոր խուճապի պատճառ դարձավ։

  •  Իրանում՝ վիրուսի տարածումից հետո հայկական մամուլը գրեց այնտեղ Հայաստանի դեսպանատան փակման մասին։ Նշվում էր, թե Հայաստան-Իրան հաղորդակցության երկշաբաթյա դադարեցումից բացի՝ իր գործունեությունը դադարեցրել է նաև Հայաստանի դեսպանատունը։ Այս լուրը կարճ ժամանակ անց հերքվեց մեր դիվանագիտական ներկայացուցչության կողմից. «ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշված էր դեսպանատան հայտարարության մեջ
  • Փետրվարի 24-ին մամուլում գրվեց Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով վարակված անձանց մեկուսացման մասին։ Լուրի տարածմանը հաջորդեց բժշկական կենտրոնի պաշտոնական արձագանքը՝ «հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել»։
  •  Փետրվարի 27-ին  լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե «Աստղիկ» ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել՝ երկկողմանի թոքաբորբով։ Նշված էր, որ մահացած 56-ամյա տղամարդը ջերմությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Տեղեկությանը հաջորդեց «Աստղիկ» ԲԿ-ի պաշտոնական հերքումը, որտեղ նշվում էր, որ Իրանի ոչ մի քաղաքացի վերջին օրերին հիվանդանոց չի տեղափոխվել և չի մահացել։ Իրականում մահացածը Հայաստանի՝ 56-ամյա քաղաքացի էր՝ երկկողմանի թոքաբորբի ախտանիշներով։ Վերջինիս մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել, ինչի մասին հայտնեց նաև նախարար Արսեն Թորոսյանը

2. Ադրբեջանցի ֆանտաստ գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին

Ռուսական «Независимая газета» կայքը Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ հոդված էր հրապարակել, որը պարունակում էր կեղծ պնդումներ և պատմությունը խեղաթյուրելու փորձեր։ Հոդվածի հեղինակը ադրբեջանցի 79-ամյա գիտաֆանտաստ գրող Լև Ասկերովն էր, որը նշել էր, թե 1990 թվականին իր ձեռքի տակ էր հայտնվել հայերի և Հայ առաքելական եկեղեցու կողմից ԽՍՀՄ տարածքում ստեղծված գաղտնի կազմակերպությունների մասին փաստաթղթեր։ Ըստ հոդվածագրի՝ կազմակերպությունները գործել են ի վնաս ադրբեջանցիների։

Գրողը չի ներկայացնում որևէ ապացույց՝ իր պնդումների ճշմարտացիության վերաբերրյալ, սակայն եզրակացնում է, որ Սումգայիթում հայերի մասսայական սպանությունը կազմակերպվել և իրականցվել են հենց հայերի կողմից։ Հետաքրքրական է, որ Ասկերովի հոդվածում ներկայացված անձինք իրականում գոյություն չեն ունեցել, նրանց անունները հորինված են։ Օրինակ՝ Սումգայիթում միլիցիայի քաղաքային բաժնի պետ Խանլար Խալիլով անունով մարդ երբևէ գոյություն չի ունեցել։ Այն ժամանակ քաղաքային բաժնի պետ է եղել Խանլար Ջաֆարովը։

Հոդվածի կեղծ պնդումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

3.Խոջալու. միֆեր և փաստեր

Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարվա փետրվար ամսին ևս ադրբեջանական պետական քարոզչամեքենան հակահայ հրապարակումներ էր տարածում տեղական և միջազգային լրատվամիջոցներում՝ փորձելով Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես հայերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված կոտորած։ Առաջ տանելով այս թեզը՝ ադրբեջանական կողմը տարածում է մի շարք կեղծ և խեղաթյուրված ինֆորմացիաներ։ Այս տարի թիրախում էին ռուսական լրատվամիջոցները, որտեղ էլ հրապարակվել է քարոզչական նյութերի զգալի մասը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը անդրադարձել է Խաջոլուի ողբերգական դեպքերի մասին ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերին և ներկայացրե փաստերը։ Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։

4.Կեղծ լուրեր՝ հանրաքվեն առանց տեսախցիկների անցկացնելու մասին

Լրատվականներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե Կառավարությունը քննարկում է Սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների և օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։ Լրատվականը, մասնավորապես, նշել էր, որ 1500 խոշոր տեղամասերում իշխանությունը չի պատրաստվում տեսախցիկներ տեղադրել։

Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը։ Կառավարության՝ փետրվարի 20-ի որոշմամբ՝ արդեն իսկ գումար հատկացվել է Սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակումն ապահովելու  համար։ Մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660 մլն դրամի չափով գումար՝ ապրիլի 5-ին առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով։

Back to top button
Close