Նորություններ

Ֆեյք էջերը, որոնք սպառնալիք են ազգային անվտանգությանը, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության. ԱԱԾ ղեկավար

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե վարչապետի հանձնարարականի համաձայն հաջողվե՞լ է գտնել որոշ շրջանակների կապը սատանայի հետ: «Ցանկացած դրսևորումներ, որոնք տեղի են ունենում, մենք դիտում ենք դա մեր շահերից ելնելով, ազգային անվտանգության շահերից ելնելով: Ցանկացած, դա կլինի սատանիստական շարժում, թե միգուցե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությունը, մենք դրա դեմ մեր գործառույթներով պայքար ենք մղելու և օրենքի խստությամբ պատժելու ենք»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա նշեց, որ վերջին շրջանում երեք քրեական գործ է հարուցվել տարբեր ֆեյք օգտատերերի նկատմամբ, որոնք Հայաստանի ու Արցախի անվտանգությանը կարող էին սպառնալիք ստեղծել: «Նրանք շատ են, այս վերջում ևս երեքի մասով քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է: Իսկ մյուս ֆեյք էջերը, որոնք սպառնալիք են ազգային անվտանգությանը, դրանք մեր կողմից կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա:

Back to top button