ՄեկնաբանությունՆորություններ

Ո՞ւր է գլորվում «Մերսեդեսը»… Չշեղել «ֆանտաստիկ սիմվոլիկա» ունեցող «ֆանտաստիկ» պատմություններով

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխող քաղաքական ուժը համարում է ինստիտուտների կայացման ճանապարհ: Հրամցվող տրամաբանությունը հետևյալն է՝ Սահմանադրական դատարանի իշխանությունը չի բխում ժողովրդից, հետևաբար, հանրաքվեի ճանապարհով ինստիտուցիոնալ բարեփոխման ռելսերի վրա կդնեն Սահմանադրական դատարանը:

«Լուծել այս ինստիտուցիոնալ խնդիրը նշանակում է Հայաստանում զարգացումը և ժողովրդավարությունը դարձնել անշրջելի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Այո»-ի շտաբի դրամահավաք երեկոյի շրջանակներում:

Մինչդեռ բազմաթիվ հարցադրումների խորքային պատասխաններ չկան՝ կապված իրապես անկախ Սահմանադրական դատարան ունենալու հետ:

Փետրվարի 17-ից մեկնարկել է քարոզարշավը: Իմքայլականները մի կողմ են թողել այս պահին ամենաէականը՝ հանրաքվեի բովանդակային քննարկումը, քաղաքացուն պրոցեսների կարևորությունը ներկայացնելը, թե ինչու պետք է գնա տեղամաս և «այո» ասի հանրաքվեին: Փոխարենը օրեր շարունակ իրենց իսկ նախաձեռնությամբ քննարկում է կազմակերպվում «Այո»-ի երգի, «Այո»-ի լոգոյի մասին, բրենդինգի մրցույթ են հայտարարում, հետո բացվում է տհաճ պատմություն՝ կապված լոգոյի «գողության» հետ, հետո երկրի փոխվարչապետի մակարդակով փնտրում են հեղինակներին, այնուհետև քննարկումներ, որոշումներ, իսկ ամենավերջում եզրակացնում են՝ «ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ սիմվոլիկայով»:

Իր հերթին օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում՝ «Ո՛չ» քանդված փողոցներին, «Այո՛» ասֆալտապատ և գեղեցիկ ճանապարհներին լուսանկար հրապարակեց:

Փաշինյանը զորեղ համարեց ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը, որը մղոններով հեռու է գաղափարական դիսկուրսից և հասարակության իրավագիտակից հատվածի իրական սպասելիքներից: Նա չի էլ փորձում փոխել դիսկուրսի տրամաբանությունն ու կարգի բերել շեղված առանցքը: Ինչո՞ւ, որովհետև «ինքնագործ» քարոզչական դաշտում ավելի դյուրին է, որովհետև ցանկացած համեմատություն նախկինների հետ իրենց դնում է ավելի շահեկան կարգավիճակում: Իսկ «Ոչ»-ի պասիվությունը, նախկին իշխանությունների ընտրած մարտավարությունն ավելի է բարդացնում իշխանությունների գործը:

Խորհրդավոր լռության և «Ոչ»-ի ստվերային գործունեության պայմաններում իշխող ուժի ներկայացուցիչները ստիպված են լծվել «ինքնագործ» քարոզչական հնարքներ և համեմատություններ անելու գործին, մինչև հանրաքվեի օրը մտածել զանազան «ֆանտաստիկ պատմություններ»:

Կայացած ինստիտո՞ւտ, թե՞ ենթակա մարմին

2018 թվականի իրադարձություններին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացու կարևորագույն ձեռքբերումը ազատ ընտրություն կատարելու իրավունքը վերադարձնելն էր, ընտրական ճանապարհով իշխանություն ձևավորելու իրավունքը պարտադրելը: Դեռ որքան ճանապարհ է պետք անցնել, որպեսզի քաղաքակիրթ պայքարի մշակույթին զուգահեռ քաղաքացին ծրագրային ու գաղափարական ընտրության ուղին նախընտրի՝ դժվար է ասել: Մանավանդ այն պարագայում, երբ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը շահագրգիռ չէ ջանք գործադրել՝ կայացած քաղաքական դաշտ ունենալու համար: Իսկ կայացած ինստիտուտների մասին առնվազն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել:

Մինչդեռ միայն այն հանգամանքը, որ ժողովրդի ընտրությամբ է ձևավորվել այս կամ այն մարմինը, հետևաբար, այն արդեն կայացած ինստիտուտ է, մեղմ ասած, իրականության հետ աղերս չունի: Դա չափազանց կարևոր, բայց ոչ բավարար պայման է:

Փաշինյանը սակայն հայտարարում է.

«Այո՛, ես համարում եմ, որ Ազգային ժողովը դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կայացավ որպես ինստիտուտ»:

Ուշագրավ է, որ որպես կայացած ինստիտուտի առհավատչյա նա օրինակ է բերում ավտորիտար Ադրբեջանին, որտեղ ևս կայացան արտահերթ ընտրություններ, որպեսզի, ըստ ՀՀ վարչապետի, Հայաստանի խորհրդարանի նկատմամբ մրցունակ խորհրդարան ձևավորվի՝ երիտասարդներից բաղկացած:

«Սա ամենակարևոր գնահատականն է»,- եզրակացնում է Փաշինյանը:

Որոշ ժամանակ առաջ բոլոր ոլորտներում ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին գուժող վարչապետն այսօր կայացած ինստիտուտ է համարում նաև կառավարությանը. «Որովհետև Հայաստանի ժողովուրդն ընտրեց կառավարություն, Հայաստանի ժողովուրդն ընտրեց վարչապետ»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ հերթը դատական համակարգինն է:

Ո՞վ կհաղթի ապրիլի 5-ին

Չփոխել Սահմանադրական դատարանը նշանակում է S դասի «Մերսեդես»-ով առաջ շարժվել, որի վրա դրված են «Մոսկվիչ» 408-ի անվադողեր… հայտարարում է Փաշինյանը և հավելում՝ անկախ արդյունքից ապրիլի 5-ին հաղթելու է ժողովուրդը:

Խոշոր հաշվով, սակայն, անկախ արդյունքից, ապրիլի 5-ին ժողովուրդը կպարտվի, եթե հերթական հնարավորությունը կրկին բաց թողնվի և գաղափարական ընտրական գործընթաց կայացնելու փոխարեն մարդկանց ուղղորդեն՝ գնալ ընտրության, մերժել նախկինին կամ դեն նետել «Մոսկվիչ» 408-ի անվադողերը և «այո» ասել ներկային:

Կպարտվի, եթե գոնե իշխանությունների նախընտրած դիսկուրսի դաշտում չհարցնի և չստանա մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, որոնցից մեկն այն է՝ իրականում ո՞ւմ է պատկանում S դասի «Մերսեդեսը», ո՞ր ուղղությամբ է այն գնում, խնդիրը միայն մեքենայի անվադողե՞րն են, թե՞ խոտանված է ամբողջ մեքենան: Իսկ եթե անվադողերը փոխենք, և S դասի «Մերսեդեսը» ճանկի «բարեհամբույր» մեկը և քշի ոնց ուզենա ու որ ուղղությամբ ուզենա՞… Այս հարցերի պատասխանն ընտրողը պետք է ստանա, որքան էլ փորձեն շեղել «ֆանտաստիկ սիմվոլիկա» ունեցող «ֆանտաստիկ» պատմություններով:

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close