Նորություններ

«Լա՛վ նայեք դեմքերին». Մարությանի խոսնակը հորդորում է հիշել «Այո»-ի լոգոն ներկայացնողներին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Այո՛» քարոզչական շտաբի լոգոյի հետ կապված պատմությանը։

«Իսկ հիմա լուրջ: ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությունը, որը հետաքրքիր սիմվոլիզմ առաջ բերեց, նաև վերհանեց հեղինակային իրավունքի համատարած ոտնահարման խնդիրը մեզանում՝ գաղափարների, մեդիաարտադրանքի ու այլ մտավոր սեփականության համատարած գողություն:

Կարծում եմ՝ ազգը պետք է ճանաչի իր «հերոսներին». էս լուսանկարի երիտասարդները երեկ ներկայանում էին որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ Garoon կազմակերպության ներկայացուցիչներ և հավակնում էին 3 միլիոն դրամ մրցանակի: Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. հնարավոր է՝ օրերից մի օր նրանց հետ գործնական հարաբերություն ունենալու առիթ լինի:

Ի դեպ, էս դեպքը մեզ կրկին առիթ տվեց կարևորելու պրոֆեսիոնալ ու «հիշողություն ունեցող» լրագրողի աշխատանքը. պլագիատի փաստը հայտնաբերել է փորձառու լրագրող ու խմբագիր, իմ սիրելի ընկեր Արայիկ Մարգարյանը: Ու սրանով էս պատմության հանգուցալուծումը ինձ համար կրկնակի հաճելի է:

Հ. Գ. Եթե դեռ տեղյակ չեք, պլագիատի հայտնաբերվելուց հետո որոշվեց մրցանակը բաշխել պատկերի իրական հեղինակների՝ «Երեկոյան Երևան» թերթի երբեմնի աշխատակիցների միջև: Քանի որ այս օրաթերթը ժամանակին Երևանի քաղսովետի (քաղաքապետարանի) պաշտոնաթերթն էր, այս փաստը ինձ համար եռակի՛ հաճելի է»,-գրել է քաղաքապետի խոսնակը:

Back to top button
Close